
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերջապես բարձրաձայնեց Հայաստանի համար հրատապ խնդիրների մասին, համոզված է ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով դեսպանի այն հայտարարությունը, որ համատարած կոռուպցիան սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը, Մանուկյանը նշել է, որ ավելի վաղ համանման գնահատականներ էին տվել Transparency International և Freedom House միջազգային կազմարպությունները, սակայն, ըստ երևույթին, իրավիճակը կտրուկ փոխվել է դեպի վատթարագույնը:
«2015 թվականին ամերիկացիները Հայաստանի կառավարությանը տրամադրել են 750 հազար դոլարի դրամաշնորհ` կոռուպցիային դիմակայելու համար, շատ լավ հասկանալով, որ Հայաստանի հակակոռուպցիոն խորհրդում ընդգրկված են ամենակոռումպացբված պաշատոնյաները», - նշել է քաղաքական գործիչը: Նրա ասելով, ըստ երևույթին, ԱՄՆ հրաժարվել է այդ հարցում երկակի ստանդարտների քաղաքականությունից: Ինչպես կարծում է Մանուկյանը, ստեղծվել է բավականին արտառոց իրավիճակ. սահմանադրական փոփոխությունների գործընթացը ոչ Ռուսատանի, ոչ ԱՄՆ-ի, ոչ Եվրոպայի սրտով չէ: Ռուսական մեդիաընկերությունները դեռ երբեք այսպիսի «վառ հետաքրքրություն» չեն դրսևորել Հայաստանի իրադարձությունների նկատմամբ, մասնավորապես` մտահոգություն հայտնելով սահմանադրական փոփոխությունների առնչությամբ: Եվրոպացիները նույնպես հանդես են գալիս առաջարկվող սահմանադրության քննադատությամբ: Դեսպան Միլսը հարցազրույցում հայտարարել է, որ եթե կոռուպցիային առնչվող խնդիրները չլուծվեն, ապա դա կանդրադառնա ներդրումների վրա: «Միջազգային հարաբերություններում փողերը քաղաքական աջակցության ակնհայտ ցուցանիշ են. Ռուսաստանը, ԱՄՆ և Եվրոպան Հայաստանին մերժում են վարկեր տրամադրել, ինչը բացասական նշան է պետության ղեկավարի համար», - նշել է Արամ Մանուկյանը: «Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանը որոշել է գնալ մինչև վերջ` զոհաբերելով Հայաստանի ազգային շահերը. հակառակ համաշխարհային հասարակայնության, Ռուսաստանի և ԱՄՆ կարծիքի` միայն սեփական իշխանությունը պահելու և հոգեբանական բավարարություն ստանալու համար», - ամփոփել է ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:
Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 17-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար և մեծ դեր ունի երկրի ամենօրյա կյանքում: ՙԿոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ, երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը՚,- ասել է Միլսը: Դեսպանի խոսքով, հարցն այն է, թե արդյոք պետությունը ունի կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործիքներ և կամք, և արդյո՞ք կա այն քաղաքացիական հասարակությունը, որը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ և օգնել այդ պայքարում: ՙԵթե մենք չկարողանանք լուծել կոռուպցիայի խնդիրը, որը լուրջ խնդիր է այս երկրում և մեծ դեր ունի Հայաստանի ամենօրյա կյանքում, դա մեծապես կազդի մեր հարաբերությունների վրա շատ կոնկրետ ոլորտներում: Օրինակ՝ ներդրումների: Ես մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է կենտրոնանալու դրա վրա: Սակայն ամերիկյան ներդրումներ հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ անարդար մրցակցություն չկա, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին: Եվ եթե հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այս խնդիրները, կարծում եմ դա կվնասի այստեղ ներդրումներ կատարելու հնարավորությունները՚,- ասել է դեսպանը: ԱՄՆ դիվանագետը նաև գործարարներին հորդորել է չվախենալ կոռուպցիային դիմակայելուց և բարձրաձայնել այդ խնդրի մասին: