
Ավելի լավ կլինի, եթե Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն զբաղվի իր անմիջական պարտականություններով, այսինքն` դիվանագիտական առաքելությամբ, այլ ոչ թե` ներդրումասյին նախագծերով: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մեկնաբանելով ԱՄՆ դիվանագետի սուր քննադատությունը Հայաստանում համատարած կոռուպցիայի վերաբերյալ, ինչը խոչընդոտում է տարբեր ներդրումային նախագծերի իրագործմանը:
«ԱՄՆ դեսպանի հիմնական առաքելությունը դիվանագիտական աշխատանքն է, սակայն եթե նա ստանձնել է նաև տարբեր ներրդումային նախագծերի իրագործման գործառույթ, կարծում եմ, դա նրա մոտ վատ է ստացվում: Սակայն ես լավատես եմ և կարծում եմ, որ վերջիվերջո Հայաստանի ներրդումային մթնոլորտի աշխուժացմանն առնչվող ԱՄՆ դեսպանի հույսերը կարդարանան, քանի որ այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում է երկրի կառավարությունը», - հավաստիացրել է պատգամավորը:
Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար և մեծ դեր ունի երկրի ամենօրյա կյանքում: ՙԿոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ, երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը՚,- ասել է Միլսը: Դեսպանի խոսքով, հարցն այն է, թե արդյոք պետությունը ունի կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործիքներ և կամք, և արդյո՞ք կա այն քաղաքացիական հասարակությունը, որը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ և օգնել այդ պայքարում: ՙԵթե մենք չկարողանանք լուծել կոռուպցիայի խնդիրը, որը լուրջ խնդիր է այս երկրում և մեծ դեր ունի Հայաստանի ամենօրյա կյանքում, դա մեծապես կազդի մեր հարաբերությունների վրա շատ կոնկրետ ոլորտներում: Օրինակ՝ ներդրումների: Ես մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է կենտրոնանալու դրա վրա: Սակայն ամերիկյան ներդրումներ հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ անարդար մրցակցություն չկա, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին: Եվ եթե հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այս խնդիրները, կարծում եմ դա կվնասի այստեղ ներդրումներ կատարելու հնարավորությունները՚,- ասել է դեսպանը: ԱՄՆ դիվանագետը նաև գործարարներին հորդորել է չվախենալ կոռուպցիային դիմակայելուց և բարձրաձայնել այդ խնդրի մասին: