


Կիրակի օրն Ադրբեջանում զինված ուժերի լայնամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժություններ են սկսվել։ Զորավարժությունները, որում ներգրավված է 65 հազար մարդ, կշարունակվեն մինչև սեպտեմբերի 13-ը, հաղորդում է contact.az-ը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
Աղբյուրի համաձայն, զորավարժությունների նպատակը զորքերի բոլոր տեսակների մարտական պատրաստականության և մարտունակության ստուգումն է: Մասնավորապես, իրականացնելու են զորքերի լիակատար մարտունակության բերման և վերախմբավորման, հակահարձակման, հակառակորդի շրջապատման և ոչնչացման առաջադրանքներ։ Բացի այդ, զորավարժությունների ընթացքում ստուգվելու է ռազմական միավորումների ու զորամասերի պատրաստվածությունը՝ զորահավաք իրականացնելու հարցում, որոնց մասնակցելու են նաև ավելի քան 6 հազար պահեստային զինծառայողներ։ Զորավարժություններին մասնակցելու է մինչև 65 հազար մարդ, մոտ 700 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 500 հրթիռային և հրետանային սարքավորում, ՌՕՈՒ մինչև 40 ինքնաթիռ, 50 ուղղաթիռ, ՌԾՈՒ 20 նավ և մոտորանավ, ՀՕՊ զենիթահրթիռային միավորումներ, որոնք զինված են ժամանակակից հակաօդային համալիրներով: Օգտագործվելու են նաև անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժությունների եզրափակիչ փուլում ուսումնական կենտրոններում և հրաձգարաններում իրականացվելու են մարտական հրաձգություններ մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ, գործարկվելու են նաև հրթիռահրետանային, զենիթահրթիռային համալիրներ, մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, արձակվելու են հրթիռներ ու ռումբեր:



