
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «Յուքոմ» ՓԲԸ հայտին` ընկերության սեփականատեր Արամ Խաչատրյանի կողմից իրեն պատկանող 41% բաժնետոմսերի 30%-ն «Արդշինբանկում» գրավ դնելու մասին:
«Յուքոմի» արտաքին կապերի գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանի ասելով, ընկերությունում որոշել են բաժնետոմսերը գրավ դնել` ներդրումային ծրագրեր իրագործելու համար: «Ներգրավված վարկային ռեսուրսները մենք նախատեսում ենք ուղղորդել մի քանի նախագծերի իրականացմանը, այդ թվում` «Օրանժ» ընկերության ձեռք բերմանը», - հայտարարել է Եսայանն ԱրմԻնֆո-ի թղթակցին:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին «Օրանժ Արմենիայի»» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը հայտարարել էր, որ ընկերությունը որոշել է հեռանալ Հայաստանից և «Յուքոմ» ընկերության հետ բանակցություններ է վարում «Օրանժ Արմենիայի» վաճառքի շուրջ: Ժելիբտերն ընդգծել էր, որ գործարքն առայժմ ավարտված չէ, սակայն եզրափակիչ փուլում է: Գործարքի գումարը չի նշվում: «Յուքոմը» իրավունք կստանա առաջիկա 12 ամսվա ընթացքցում պահպանելու «Օրանժ Արմենիա» բրենդը: Ընկերության գլխավոր տնօրենի ասելով, Հայաստանի շուկայում «Օրանժի» 17-18% մասնաբաժնով դժվար է ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաների մեջ և փոխհատուցում ակնկալել խելամիտ ժամկետում: Գործարքի առաջարկ է ստացվել «Յուքոմից», որը որոշել է ինտերնետի և ֆիքսված հեռախոսակապի ծառայությունները համալրել բջջային կապով, հավելել էր Ժելիբտերը:
«Յուքոմը» պատկանում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ազգականներին, ով համարվում է Հայաստանի ամենահարւոստ պաշտոնյաներից մեկը: «Օրանժի» ներկայացուցիչը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարության կողմից ոչ մի ճնշում չի եղել իրենց նկատմամբ` «Օրանժ Արմենիան» «Յուքոմին» վաճառելու առնչությամբ:
Նշենք, որ «Օրանժ Արմենիան», որը France Telecom-ի 100%-անոց դուստր ընկերությունն է (բրենդ Orange), հայկական շուկայում աշխատում է 2009 թվականի նոյեմբերի 5-ից` ապահովելով ցանցի 95% ծածկույթ և բջջային կապի ու ինտերնետի մատչելիություն Հայաստանի ավեի քան 600 քաղաքներում և բնակավայրերում: Աուդիտորական հաշվետվության համաձայն, 2014 թվականին ընկերությունը կրել է 4 մլրդ դրամի վնաս` 2013 թվականի 3,85 մլրդ դրամի դիմաց: 2014 թվականի վերջի տվյալների համաձայն, հանրապետությունում իր հնգամյա գործունեության ընթացքում «Օրանժ Արմենիայի» ներդրումները գերազանցել են 100 մլրդ դրամը: 2015 թվականի մրատի 31-ի դրությամբ ընկերության ընդհանուր վնասը կազմել է 184,6 մլն եվրո: