


Արմինֆո.<Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը, որը պետք է իրավական հիմք դառնար սահմանազատման համար, հավանության արժանացավ միայն 2024 թվականի սեպտեմբերին, ապա ինչի՞ հիման վրա 2020-2021թթ. հանձնվեցին Սյունիքի Շուռնուխում ՀՀ իրավազորության տակ գտնվող տարածքները, ի՞նչ հիմքով է հանձնվում ՀՀ քաղաքացիների ՝ կադաստրային փաստաթղթերով հաստատված սեփականությունը Տավուշի մարզում ։
Եվ այդ դեպքում ինչպե՞ս կարելի է անվանել ձեր գործողությունները՝ հանցագործություն, թե՞ ապաշնորհություն։ Եվ արդյո՞ք հնարավոր է, որ ապագայում նոր տարածքներ հանձնվեն", - վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում:
<Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր ոչ մեկին չի հանձնվել։ Ընդհակառակը, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը ոչ միայն որևէ վնաս չի հասցվել, այլև արձանագրվել է նրա տարածքային ամբողջականության անկյունաքարը>,- պատասխանել է Փաշինյանը։
Միաժամանակ, վարչապետը հիշեցրել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 200 քառ.կմ գտնվում է ադրբեջանական օկուպացման ներքո։ Սակայն Հայաստանը մտադիր է այդ տարածքները վերադարձնել ոչ թե ռազմական ճանապարհով, այլ ՝ դիվանագիտության միջոցով, հավելել է նա։
Ինչ վերաբերում է Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչների սեփականության իրավունքը հաստատող կադաստրային փաստաթղթերին, որոնց անշարժ գույքը, այսպես կոչված, սահմանազատման արդյունքում, անցել է Բաքվի վերահսկողության տակ, ապա, Փաշինյանի խոսքով, իշխանությունները գնացել են այդ փաստաթղթերի հետքերով, սակայն հիմք չեն գտել այդ հավաստագրերի տրամադրման համար: Հնարավոր է՝ որոշ պաշտոնյաներ չարաշահումներ են թույլ տվել, իրավապահները կպարզեն, ամփոփել է ՀՀ կառավարության ղեկավարը։



