

Սահմանադրության բարեփոխման նախագծով նախատեսված անվտանգության համակարգն ավելի լավ է պատասխանում մարտահրավերներին և ռիսկերին, քան գործող համակարգը, այսօր լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:
ՙԵրկրի ազգային անվտանգությանն իրական սպառնալիքի դեպքում խորհրդարանական մեծամասնության անվերապահ աջակցությունն ունեցող վարչապետը շատ ավելի ուժեղ իշխանություն և լիազորություններ կունենա, քան նման աջակցություն չունեցող երկրի նախագահը: Մենք մի շարք երկրների օրինակով դրանում համոզվելու առիթ ենք ունեցել՚,- ընդգծել է նա:
Միաժամանակ նա նշել է, որ նախագծի հեղինակները երբեք կատարյալ չեն համարել փոփոխությունների նախագիծը, այդ իսկ պատճառով նախագիծը հրապարակվել է`մանրամասն քննարկման և համապատասխան
առաջարկությունների նպատակով:
Հանձնաժողովի մեկ այլ անդամ Վարդան Պողոսյանը հայտնել է, որ բարեփոխման նախագծի համաձայն, խաղաղ ժամանակ Հայաստանի Զինված ուժերը ղեկավարելու է պաշտպանության նախարարը, իսկ պատերազմի ժամանակ`գերագույն գլխավոր հրամանատար կդառնա վարչապետը: ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է ամենաբարձր պաշտոնյան համակարգում:
Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նախագիծը ենթադրում է հանրապետության անցումը կառավարման խորհրդարանական ձևի: Նախագծով ընդլայնվում են վարչապետի լիազորությունները, ով պատերազմի պայմաններում ստանձնում է նաև երկրի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները: Իսկ նախագահը կունենան արբիտրի դեր, ով ապահովում է երկրի Սահմանադրության իրականացման բնականոն ընթացքը: Նախագահն ընտրվում է Ընտրիչների ժողովի կողմից, այնուհետև նա նշանակում է խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված վարչապետին: Նախագահը պետք է անկուսակցական լինի, նա ընտրվում է 7 տարի ժամկետով`առանց հետագա վերընտրման իրավունքի: Խորհրդարանը ձևավորվում է համամասնական ընտրությունների ճանապարհով և բաղկացած է ՙառնվազն 101 պատգամավորից՚:



