


Արմինֆո. "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ իր նկատմամբ բռնության գործով ցուցմունք տալու:
«Օրերս, ի զարմանս ինձ, քննչական կոմիտեն մեկ տարի անց վերջապես «հիշեց», որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց ոստիկանների կողմից ենթարկվել եմ բռնության։
Առաջին անգամ օրերս կանչել էին հարցաքննության։ Վճռական եմ, որ քննություն տարվի ու պատժվի արդեն տարիներ շարունակ մեր հայրենակիցների, պայքարի ընկերների համար պատուհաս դարձած ոստիկանական համակարգի գեթ մեկ ներկայացուցիչ։
Առ այդ խնդրանքս է՝ եթե կա ընթեցողներիս մեջ անձ, որը հիշում է 2023-ի սեպտեմբերի 19-ի երեկոյան ՀՀ կառավարության շենքի դիմաց, թե ինչպես բերետավոր մեկը հարվածեց ինձ, փշրեց քիթս ու տմարդի փախավ այդտեղից, եթե ունեք լուսանկարներ, կամ պատրաստ եք այդ հարցում ցուցմունք տալ,
անձնականով արձագանքեք։
Անցնող ամիսներին շատերն են մոտեցել ու հայտնել, որ եղել են այդ պահին դեպքի վայրում։ Նպատակս անձնական չէ։ Դրանց պետք է հերթով գտնել եւ պատժել, որ խելքները գլուխները հավաքեն։ Կսպասեմ», - գրել է Գեղամ Մանուկյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում էին սկսել Լեռնային Ղարաբաղի վրա: Երևանում ակտիվիստները հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով Հայաստանի իշխանություններից կոնկրետ միջոցներ ձեռնարկել, ներառյալ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը և վարչապետի հրաժարականը: Ակցիայի ընթացքում իրավիճակը սրվել էր, և ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել։



