
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը նախորդ գիշեր քարով կոտրել է Գարեն Աթաջանյանի որդուն պատկանող խանութի պատուհանի ապակին: Հիշեցնենք, որ Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրվել Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են ոստիկանությնա մամուլի ծառայությունում, ապակին կոտրելուց հետո Նիկողոսյանը փախուստի է դիմել, սակայն իրավապահ մարմինները նրան հետապնդել են և բերման ենթրակել: Սկսվել է հետաքննություն, նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, ինչից հետո նա ազատ է աևձակվել` չմեկնելու մասին ստորագրությամբ:
Հուլիսի 5-ին Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ուշ երեկոյան որոշում է կայացրել Սյունիքի մարզպես Սուրեն Խաչատրյանի նկատմամբ մահափորձի համար մեղադրվող արա Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ:
Հուլիսի 3-ին ԱԱԾ մամուլի կենտրոնը տարածել էր հաղորդագրություն, որում նշվում է, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը
18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը , Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը:
«Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ «ԱԿ-74»
տեսակի 5. 45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով և փամփուշտներով: Իրականացվում են ձերբակալման համար հիմք հանդիսացած կասկածանքի հաստատմանը կամ հերքմանը, ինչպես նաև քրեական գործով պարզաբանման ենթակա այլ հանգամանքների ստուգմանն ուղղված տարաբնույթ քննչական և օպերատիվ գործողություններ: Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների և առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:
Նշենք, որ մայիսի 20-ին Գորիս-Կապան ավտոճանապարհին Սուրիկ Խաչատրյանի մեքենայի գնդակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել: Փաստի առնչությամբ գործ է հարուցվել մահափորձի և զենքի ապօրինի շրջանառության համար, հարցաքնվել է 30 մարդ: Հիշեցնենք նաև, որ Բուդաղյան և Խաչատրյան ազգանունները խաչաձևվել են նաև Գորիսում մեկ այլ աղմկահարույց գործի առնչուըյամբ, երբ Սյունիքի մարզպետի տան մոտ սպանվել էր Բուդաղյանների ընտանիքի ավագ որդին` Ավետիքը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորում էր ստացել: Գործի շրջանակում կալանավորվել էր Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրանը: Սակայն նախաքննությունը նրան անմեղ էր ճանաչել, և գործը կարճվել էր: