
«Հայաստանի էլեկտրական ցանցներ» ՓԲԸ տարիներ շարունակ վատնումներ չէր իրականացնի, եթե Հայաստանի իշխանությունները դրանից բաժին չունենային: Հունիսի 5-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:
Նրա ասելով, իշխանությունները շատ լավ տեղյակ են, թե հատկապես ով է մասնակցել այդ ավանտյուրային, հենց այդ պատճառով ընկերության ղեկավար Եվգենի Բիբինը խորհրդարանում ելույթ է ունեցել դռնփակ: Սաֆարյանն ընդսմին նշել է, որ այդպիսով կոպտորեն խախտվել են նաև լրագրողների իրավունքները:
«Ես ուրախ կլինեմ, եթե Բիբինը ներկայացնի այն պաշտոնյաների անունները, ովքեր նույնպես մասնակցել են թալանին, ով և ինչ աստիճանով», - նշել է փորձագետը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, թե չի կասկածում, որ «Գազպրոմ-Հայաստանի» 300 մլն դոլար պարտքը նույնպես չարդարացված ծախսերի արդյունք է, այլ ոչ թե գազի դիմաց վճարումների գծով պարտքի կուտակում:
Միևնույն ժամանակ, Սաֆարյանը համոզված է, որ Հայաստանի իշխանություններն արդեն որոշում են կայացրել էլեկտրաէնրեգիայի սակագների բարձրացման վերաբերյալ: «Դե իհրակե, էլեկտրաէներգիան կթանկանա, հնարավոր` ոչ թե 17 դրամով, այլ մի փոքր ավելի պակաս, սակայն այն, որ կթանկանա, փաստ է: Ստեղծված իրավիճակում Հայաստանի քաղաքացիները կամ պետք է լռեն և վճարեն ՀԷՑ և իշխանությունների չարդարացված ծախսերի դիմաց, կամ պետք է ընդդիմանան դրան, դուրս գան փողոց և պահանջեն հարգել իրենց իրավունքները: Դժբախտաբար, քաղաքացիներն իրավասու չեն գրագետ անցկացնել նման շարժումները, իսկ կուսակցությունները, որոնք կարող էին նրանց աջակցել այդ գործում, լիովին հեռացել են իրենց գործառույթներից», - նշել է քաղաքագետը:
Նա նաև համոզված է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի, իսկ վատնումների համար բոլոր մեղավորները պետք է արժանի պատիժ կրեն:
Նշենք, որ հունիսի 2-ին Հայաստանի խորհրդարանում կայացել է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցի շուրջ փակ խորհրդակցություն` ՀՀԿ պատգամավորների և ոլորտի լիազոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությունն անցել է թեժ մթնոլորտում` ոչ առանց փոխադարձ վիրավորանքների: Սակայն, ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀԿ աղբյուրները, ՀԷՑ ղեկավար Եվգենի Բիբինը տրամադրված է եղել վճռականորեն և ակնարկել է, որ շատ «չարդարացված» ծախսեր ընկերությանը, պարզապես, պարտադրվել են, այդ թվում` նաև նրանց կողմից, ովքեր իրեն դրա համար մեղադրում են: Նա նաև հասկացրել է, որ պատրաստ է հունիսի 12-ին հարցի շուրջ նախատեսվող խորհրդարանական լսումների ժամանակ լույս սփռել իրավիճակի որոշ մանրամասների վրա: Այդ առնչությամբ ՀՀԿ խմբակցությունը հակվում է փակ լսումներ անցկացնելու կարծիքին, որպեսզի հասարակական տրամադրություններն էլ ավելի չսրվեն: ԱրմԻնֆո-ի աղբյուրը նաև հաղորդել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է մասամբ բավարարել սակագների բարձրացման վերաբերյալ ՀԷՑ հայտը` ոչ թե 17, այլ 7 դրամով: Այդպիսով, 1 կՎտ/ժ ցերեկային սակագինը 41 դրամ 85 լումայից կբարձրանա մինչև 50 դրամ: