
Արմինֆո. "Մայր Հայաստան" ընդդիմադիր դաշինքը մտադիր է բողոքի մի շարք ակցիաներ անցկացնել տեղական հարկերի և տուրքերի բարձրացման դեմ: Այդ մասին ասվում է դաշինքի հայտարարությունում։
"Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել փոքր ու միջին բիզնեսի տարբեր տեսակների վրա: «Մայր Հայաստանը» դեմ է այդ մոտեցմանը և դեկտեմբերի 19-ից Երևանում իրականացնելու է իրազեկման ու բողոքի ակցիաներ: Ակցիաները կլինեն ամենօրյա և կիրականացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Դեկտեմբերի 19-ին ակցիան կմեկնարկի Սարյանի պուրակից, ժամը 13:30-ին: «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները ՀՀ քաղաքացիներին մանրամասն կտեղեկացնեն, թե ինչ նոր բեռ է ավելացվում ավտովարորդների ու բիզնեսով զբաղվողների վրա: Կներկայացվեն մեր անելիքները՝ թանկացումներն ու թալանը կանխելու համար: Լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանման: «Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին", - ընդգծվում է հայտարարությունում:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է Երևանում ավտոկայանատեղերի վճարի դրույքաչափերը բարձրացնել տարեկան մինչև 160 հազար դրամ (400 դոլար): Ներկայումս կայանման տարեկան վճարը կազմում է 12 հազար ՀՀ դրամ ($30): Այսպես, մայրաքաղաքի իշխանությունները նախատեսում են կայանման վճարի դրույքաչափեր սահմանել գոտիավորման սկզբունքով ։ Երևանում առաջարկվում է սահմանել Ա և Բ գոտիները: Ա գոտին (քաղաքի կենտրոնը) ընդգրկում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյան պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների պարագիծը, ընդհանուր առմամբ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված տարածքներում ժամավճարը կկազմի 300 դրամ ՝ ներկայիս 100 - ի փոխարեն, օրական կայանումը կարժենա 2 հազար դրամ ՝ 500 - ի փոխարեն, յուրաքանչյուր շաբաթ կայանելը կարժենա 5 հազար դրամ ՝ ներկայիս 1000-ի փոխարեն, ամիսը ՝ 18 հազար դրամ ՝ ներկայիս 5 հազարի փոխարեն, տարին ՝ 160 հազար դրամ ՝ գործող 12 հազարի փոխարեն: Մնացած հատվածներում (Բ գոտի) տարեկան վճարը կկազմի 24 հազար դրամ, ամսականը ՝ 4 հազար դրամ, մեկ շաբաթվա համար կայանելը կարժենա 2 հազար դրամ, մեկ օրվա համար ՝ 1000 դրամ, մեկ ժամ կայանելու վճարը չի փոխվի: Որոշման ընդունման դեպքում նոր գները ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունվարի 1-ից ։