
Ադրբեջանին սահմանակից լեռների միջով ոլորվող խորդուբորդ ճամփան մեզ բերեց Մայիս Սարգսյանի տուն, ով Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ավելի շատ հայտնի է որպես Հովիկ հորեղբայր: Տան տերը մեզ դիմավորեց մուրճը ձեռքին, որով հերթական անգամ ձևափոխում էր իր առանց այն էլ բարդեցված ու նորացված կցասայլակը...
Հովիկ Սարգսյանը Տավուշում հայտնի է իր խենթավուն վարքով, երկու հրաշալի ավտոմեքենաներով, հանճարեղ մեխանիզատորական ընդունակություններով, և գլխավորը – երկաթի նկատմամբ սիրով: Ոսկեվանում և մոտակա գյուղերում այդ սերը վաղուց դարձել է կատակների, նույնիսկ լեգենդների առարկա: Գյուղացիները պատմում են, որ 65-ամյա մեխանիկը, երբ մուրճով հարվածում է երկաթին, գրեթե ամեն անգամ նրանից ներողություն է խնդրում:
«Սկսել եմ 17 տարեկանից, մոտոցիկլետից: Առաջին անգամ մեր ԿԱՄԱԶ-ները, ԶԻԼ-երը և ԳԱԶ-երը արդիականացնելու մասին լրջորեն խորհել եմ ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ զինվորները մարտական դիրքերից ոչ հեռու խրվում էին ցեխերում: Այն ժամանակ ես հասկացա, որ մեր լեռնային պայմաններում մեքենան առանվազն պետք է ունենա «լեբյոդկա», հակառակ դեպքում՝ դա մեքենա չէ»,-ասում է Հովիկ հորեղբայրը:
Երկարատև քրտնաջան աշխատանքի արդյունքում 1974 թվականին գնված ԳԱԶ-69 ավտոմեքենա վերածվեց անճամփա պայմաններում բեռներ տեղափոխող մի հզոր տրակտոր-մեքենայի, որը քարշում է նաև ռազմական տեխնիկան: Հովիկ հորեղբայրն արդեն վաղուց կորցրել է հաշիվը, թե քանի մեքենա է ցեխից հանել: «Վերջերս սարերում խրվել էր ռազմական ԿԱՄԱԶ-ը, որին ցեխից չկորողացավ հանել նույնիսկ թրթուրավոր «ԴՏ»-ն: Զինվորները երկար ժամանակ շնորհակալություն էին հայտնում... ինձնից ու իմ մեքենայից: Իսկ ի՞նչ է ինձ պետք դրանից բացի: Վերջերս ձորից դուրս բերեցինք հսկայական տուրիստական մի ավտոբուս, բայց «տրոսը» կտրվեց: Ափսոս էր, պողպատից էր, հիմա դրանից չեն արտադրում»...
«Հեռուստացույցով դիտում եմ հաղորդումը, որտեղ երիտասարդներ վարորդները հաղորդումը վարող աղջկան հպարտությամբ պատմում են, թե ինչքան լավ վարորդներ են (ՄագԱվտոՇոու-խմբ.): Ես այսպես եմ կարծում, որ մասնագետը երբեք չպետք է իրեն գովաբանի: Վերջերս դիտում էին մի հաղորդում, որտեղ նման «վարորդները» փորձում էին մեքենան վարել Դիլիջանի սարերով: Եվ երբ նոր «Վիլիսը» խրվեց ոչ մեծ լճակում, ինձ մոտ տրոսը հեռուստացույցի միջով գցելու և նրանց դուրս բերելու ցանկություն առաջացավ»,-տաքացած պատում է Հովիկ հորեղբայրը:
«Մեր ժողովուրդը սիրում է ամեն ինչի վրա ծիծաղել: Ինձ վրա էլ էին ծիծաղում, երբ փորձում էի վերափոխել տարբեր տեսակի տեխնիկան: Անցյալ տարի գնացի այդ արշավորդների մոտ, առաջարկեցի իրենց ավտոմեքենաները կահավորել այնպիսի սարքավորումներով, որպեսզի բարձրանա անցանելիությունը: Գիտե՞ս, թե ինչ պատասխան ստացա: Ծիծաղ ու ծաղր»,-ձեռքերն է բարձրացնում տարեց մարդը:
Երբ սարերում ցեխի մեջ խրվեց հարևան Քոթիի փայտով բարձված ԳԱԶ 66-ը, դեպքի վայրը ժամանած Հովիկ հորեղբայրը տեսավ գյուղի բնակիչների կեսին: «Բոլորը միայն ատամներն էին մերկացնում, բարց ոչ ոք չէր կարողանում օգնել: «Ցեխից դուրս բերեցի: Ասում եմ, բա ինչո՞ւ չեք ծիծաղում: Լռում են: Օգնության հարցում ոչ մեկին չեմ մերժում, ոչ մեկից փող չեմ վերցնում: Կգա ադրբեջանցին – դուրս կհանեմ նաև նրա ավտոմեքենան, ինձ համար տարբերություն չկա: Մարդը մնում է մարդ»...
1960 թվականի արտադրության ԶԻՄ-ԳԱԶ 12-ը Հովիկ հորեղբայրը գնել էր 1980 թվականին: Երևանից եկած հյուրերը հազվագյուտ ավտոմեքենայի դիմաց նրան մեծ գումարներ էին առաջարկում, իսկ վերջին անգամ – 60 հազար դոլար: «Որդիս ու թոռներս ուզում են վաճառել ԶԻՄ-ը, բայց ես թույլ չեմ տալիս: Երբ ես չեմ լինի, թող անեն ինչ ուզում են: Ես միայն խորհրդային ավտոմեքեաներ եմ սիրում, իսկ ապագայում ուզում եմ ձեռք բերել «ԶԻԼ» կամ «Չայկա»: Ինձ առաջարկում էին ԶԻՄ-ը փոխանակել Մերսեդես 600-ի հետ, բայց ինչիս է այն պետք»...
«Ես իմ ավտոմեքենաները չեմ վաճառի նույնիսկ միլիոնով: Դա իմ կյանքն է, կյանքիս իմաստը: Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկին հանում եմ ցեխից, ճահճից կամ ձյունից, դա ինձ համար միլիոն արժե: Ասածներիս մասին պատկերացում կազմելու համար պետք է տեսնել, թե ինչ հսկայական իրեր եմ դուրս հանում խորը ձորերից: Եվ բանը նույնիսկ իմ մեջ չէ, պարզապես, ես ունեմ անհրաժեշտ բոլոր սարքերը՝ տրոսները, ճոպանները, անիվները, իսկ, ամենակարևորը, հզոր ավտոմեքենա-տրակտոր»,-ասում է տարեց մարդը:
Հովիկ հորեղբայրը կարողանում է նաև պատ շարել, սվաղ անել, եփել, կպցնել, կառուցել: Չի կարողանում միայն՝ քանդել և սպանել: Առաջին օրից սահմանների պաշտպանությանը մասնակցած մեխանիկը երբեք զենք չի ձևափոխել: «Ես զենք չեմ սիրում, երբեք մարդ չեմ սպանել, անգամ կենդանիների: Որսորդներին էլ չեմ սիրում, իսկ վեճերի երբեք չեմ խառնվում, կողքով եմ անցնում: Եվ ընդհանրապես, ես հրեայի նման եմ: Ռուսաստանում ունեի հրեա ընկերներ, նրանք ինձ միշտ հասկանում էին: Իսկ հիմա հայերին չեմ կարողանում բացատրել, որ այս ավտոմեքենան ես եմ ստեղծել, և կարող եմ մեկն էլ ստեղծել, եթե օգնեն պահեստամասերով»,-տարեց մարդը հպարտությամբ ցույց է տալիս իր ամենագնացը:
Իր կյանքի 33 տարիները Հովիկ Սարգսյանն անց է կացրել Վոլգոգրադում, բայց ծնվել է Տավուշում: «Արդեն վաղուց կենսաթոշակը ձևակերպելու ժամանակն է, բայց Ռուսաստան վերադառնալ չեմ կարողանում – ո՞ւմ վրա թողնեմ տունը, մեքենաները, երկու դուստրերիս: Իսկ եթե հանկարծ կրկին պատերազմ սկսվի՞, սկսեն ռմբակոծել գյուղը... Չնայած, ես ռուսների հետ, որպես հանգիստ և աշխատող մարդ, ավելի հեշտությամբ էի յոլա գնում, քան հայերի հետ»,-ձեռքերն է վեր բարձրացնում նա:
«Այն բանից հետո, երբ ծանոթ ռուսներն սկսեցին հարցնել, թե ինչու չեմ վերադառնում հակամարտության մեջ գտնվող Հայաստան, ես մի տեսակ, անհարմար զգացի, ԶԻՄ-ը «խոդ տվեցի» ու եկա: Մառնեուլով ճանապարհը վատն էր, դրա համար էլ որոշեցի գալ Ղազախով: Վրաստանի հետ սահմանին ադրբեջանցիները նույնիսկ թեյ առաջարկեցին, նրանց նույնպես դուր եկավ ԶԻՄ-ը: Բայց Հայաստանի հետ սահմանին ինձ շրջապատեցին ռուս և ադրբեջանցի զինվորականները: Ռուս կապիտանը ծիծաղելով հարցրեց. «որտեղի՞ց եմ գալիս այդքան ողջ»: Ես պատասխանեցի, բացատրեցի, թե ուր եմ գնում, պատասխանեցի նաև ԶԻՄ-ի վերաբերյալ բոլոր հարցերին: Չգիտես ինչու, բոլորը ծիծաղեցին, բայց իմ բախտը բերեց, ողջ-առողջ բաց թողեցին»,-հիշում է տղամարդը:
Ղարաբաղյան հակամարտության ավարտը Հովիկ հորեղբայրը տեսնում է խելացի ղեկավարի մեջ, որը երկիրը կուղղորդի ճիշտ ճանապարհով, բայց նման մարդ չկա՝ ոչ հայերի, ոչ էլ ադրբեջանցիների մեջ: «Հարկավոր է երկիրը զարգացնել, այլ ոչ թե կռվել: Մենք ոչ Ամերիկայում ենք, ոչ էլ Շվեյցիարիայում, հարկավոր է սովորել ապրել այնտեղ, որտեղ ապրում ես: Երբ մենք վերցրինք Վերին Ոսկեպարը, ես էլ էի այնտեղ, բայց ոչ մի տուն չեմ վառել, ոչ մի ադրբեջանցու մատով չեմ դիպել: Եթե բոլորն ինձ նման մտածեին, պատերազմներ չէին լինի»,-համոզված է տարեց մարդը:
Անցյալ տարի երկարատև հիվանդությունից հետո մահացավ նրա կինը – միակ մարդը, որը հասկանում և օգնում էր Հովիկ հորեղբորն իր բոլոր ձեռնարկումներում... Մարզպետ անունով որդին, շատ խելոք է, Երևանում մեծ շենքեր է կառուցում, բայց երկաթի նկատմամբ հոր սերը չի հասկանում: Դուստրն ամուսնացած է օդաչու-սպայի հետ և ապրում է Գյումրիում:
«Իմ երազանքն ավելի հզոր մեքենա ստեղծելն է: Բայց միայնակ չեմ կարող: Ես իմ օգնությունն առաջարկեցի բանակային ղեկավարությանը: Չէ՞ որ բանակին անհրաժեշտ են հզոր քարշող-տրակտորներ և այլ տեխնիկա, ես նրանց առաջարկեցի վերափոխել: Լսել անգամ չցանկացան... Ինչու պետք է տկար բեռնատար ամենագնացները խրվեն ցեխերի մեջ: Ես 65 տարեկան եմ, բայց տարիքս չեմ զգում, ուզում եմ ստեղծել ու ստեղծել: Բայց միայնակ չեմ կարող»...
Ծանոթություն. Նյութը պատրաստվել է International Alertի աջակցությամբ EPNK «Չլսված ձայներ» նախագհծի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Բովանդակությունը հանդիսանում է լրագրողների պարտավորությունը և անպայման չէ, որ արտացոլի կազմակերպության, International Alertի, ЕPNKի և մեր դոնորների տեսակետները: