
«Մենք կարծում ենք, որ Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած չորս ազատությունները՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, լրացուցիչ խթան կհանդիսանան մեր պետության տնտեսության զարգացման, նրա՝ ԵԱՏՄ-ում առավել ինտեգրման համար», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ռուսական «Միջազգային հարաբերություններ» հանդեսում հրապարակված հարցազրույցում::
Նրա համոզմամբ, դա Հայաստանին հնարավորություն է ընձեռում ավելի պարզեցված, ազատ մուտք գործել պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ բերել, ստեղծել արդյունաբերական և գյուղատնտեսական կոոպերացիաներ, առանց մաքսատուրքերի մուտք գործել ռեսուրսային բազա, մուտք գործել ԵԱՏՄ տրանսպորտային միջանցքներ, դյուրացնել միգրացիոն ռեժիմը և այլն: Առավելություններն ակնհայտ են:
«Հայաստանը և Ռուսաստանը կապված են դաշնակցային փոխգործակցությամբ: Չի կարելի դաշնակից լինել ինչ-որ մի բնագավառում, իսկ այլ հարցերում այդպիսին չլինել: Հարաբերությունների նման բնույթը դրսևորվում է միջպետական համագործակցության ողջ ծավալով: Մեր երկկողմ հարաբերություններն առանձնանում են սերտ արտաքին քաղաքականության համակարգմամբ, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում հաջող գործընկերությամբ, տարեցտարի թափ առնող ապակենտրոնացված համագործակցությամբ, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում փոխգործակցության շարունակական զարգացմամբ: Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է, Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողը: Մեր երկրում գործում են ավելի քան 1400 համատեղ ձեռնարկություններ, ստորագրված է ավելի քան 250 երկկողմ փաստաթուղթ», - նշել է արտգործնախարարը:
Է.Նալբանդյանն ընդգծել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններն ամրապնդվում են միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությամբ, որոնց շարքում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ մեկտեղ, ես հատուկ կառանձնացնեի ՀԱՊԿ-ն, ԱՊՀ-ն և, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը:
«Մենք շարունակում ենք նոր հեռանկարային ուղղությունների փնտրտուքը՝ համատեղ ջանքեր գործադրելու համար: Ինչպիսի բնույթ էլ կրեն միջպետական հարաբերությունները, նրանք չեն կարող հիրավի ամուր լինել, եթե չկա ջերմություն՝ ժողովուրդների, մարդկանց հարաբերություններում: Այդ կապակցությամբ կցանկանայի հատուկ շեշտել մեր ժողովուրդներին, հասարակ մարդկանց միավորող խորը հարաբերությունները, որոնք անցել են ժամանակի փորձությունը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: