ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է պետական ծրագրին, որի
շրջանակում ՀՀ կառավարությունը հիպոթեքային վարկ ունեցող անձանց փոխհատուցում է
վճարված եկամտային հարկի գումարները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդներն, ովքեր 01.11.2014թ.-ից սկսած օգտվել են հիպոթեքային վարկավորումից` կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից ինչպես նաև պետության կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում բնակարան կամ բնակելի տարածք ձեռք բերելու նպատակով, կարող են բանկում ստանալ հիպոթեքային վարկի տոկոսագումարների վճարման չափի մասին անհրաժեշտ տեղեկանք հարկային մարմիններ ներկայացնելու համար: Դրանից հետո հաճախորդը կարող է ետ ստանալ գանձված հիպոթեքային տոկոսագումարները իր համար վճարված եկամտահարկի առավելագույն չափով:
Ըստ 19.11.2014թ. «Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքում
լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի և կառավարության 19.02.2015թ. N 205-Ն
որոշման` նշված արտոնությունից կարող են օգտվել
այն հաճախորդները, որոնք վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր ու նոտար են,
եթե գործող օրենքի համաձայն նրանց համար վճարվել է եկամտահարկ: Վարձու
աշխատակիցներին վճարված եկամտահարկի գումարները կվերադարձվեն եռամսյակային
կտրվածքով, իսկ անհատ ձեռնարկատերերին ու նոտարներին` տարեկան կտրվածքով:
Նոր հաճախորդները, որոնք այսուհետ կօգտվեն ՎՏԲ-Հայաստան
Բանկի հիպոթեքային վարկավորման ծառայությունից, նույնպես կկարողանան օգտվել նշված
արտոնությունից ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով:
Մանրամասն տեղեկություններ ՎՏԲ-Հայաստան Բանկի
հիպոթեքային վարկավորման տեսակների մասին կարելի է իմանալ www.vtb.am
կայքում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի
մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան
Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական
ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի
առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը
ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
Ըստ ԱրմԻՆֆո գործակալության`
Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Հայաստանի բանկերի ընդհանուր հիփոթեքային
պորտֆելը 2015 թվականի հունվարի 1-ին կազմել է 173.7 մլրդ դրամ ($ 365.7 մլն)
կամ ընդհանուր վարկային ներդրումների 8%
-ը, տարեկան աճը`22,1%, եռամսյակի կտրվածքով արագացնելով աճի տեմպերը` 2,2%-ից
մինչև 12.1%: Համեմատության համար նշենք, 2007-ին այս ցուցանիշն աճել է ավելի քան
2 անգամ, դանդաղելով 2008-ին, մինչև 54,5%, 2009-ին` մինչև 4.9%, որից հետո,
2010-ին արագացրել է աճի տեմպերը` մինչև 6.4%, իսկ 2011-ին` մինչև 22%, որից հետո,
2012-ին կրկին դանդաղել է` մինչև 15%, իսկ 2013-ին` մինչև 12%: Բանկային համակարգի
հիփոթեքային վարկավորման ընդհանուր պորտֆելի մոտ 51%-ը պատկանում է շուկայի
առաջատար հնգյակին: Հիփոթեքային վարկավորման շուկայում գործում են Հայաստանի բոլոր
բանկերը: Հիփոթեքային վարկավորման ծավալով ՎՏԲ-Հայաստան Բանկը գտնվում է
առաջատարների եռյակում: Ըստ բանկային փորձագետների կանխատեսումների, 2015 թվականին
Հայաստանի բանկերի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը կավելանա 10-20%,
որին կնպաստի եկամտահարկի փոխհատուցման միջոցով հիփոթեքային տոկոսադրույքներն
իջեցնելու մասին կառավարության ընդունած որոշումը: Նշված որոշումը կնպաստի նաև
բնակարանային շինարարության աճին, գտնում են փորձագետները: