Orange Armenia, Maeutica բրենդինգային
գործակալությունը և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն մարտի 12-ին հայտարարել են «ArmNet-2015» ամենամյա 5-րդ մրցույթի
մեկնարկի մասին: Միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսում Օրանժ Արմենիայի Բրենդի և
հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը տեղեկացրել է, որ «ArmNet 2015» միջոցառումների
շրջանակներում տեղի կունենա վեբկայքերի և բջջային հավելվածների համահայկական
«ArmNet Awards 2015» մրցանակաբաշխությունը, որը կոչված է գնահատելու ոլորտի տարվա
ձեռքբերումներն ու տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, բջջային
տեխնոլոգիաների զարգացումները, բացի այդ կանցկացվեն համացանցին և բարձր
տեխնոլոգիաներին նվիրված համաժողով ու մի շարք սեմինարներ, որոնց մասնակից կդառնան
այս ոլորտում աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող կազմակերպությունների
ներկայացուցիչներ:
«ArmNet Awards 2015» մրցույթի մասնակիցները կմրցեն
«Նորարարություն», «Լավագույն բովանդակություն», «Դիզայն և հարմարավետություն» և
«Հասարակական ազդեցություն» անվանակարգերում, կտրամադրվեն գլխավոր մրցանակներ
Լավագույն բջջային հավելվածի և Լավագույն վեբկայքի համար: Մրցույթին մասնակցելու
համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել մինչև մարտի 26-ը, ժամը 18:00: Մրցույթին
մասնակցության և գրանցման մանրամասները հասանելի են www.armnet.am կայքում:
«ArmNet Awards 2015» մրցույթի ժյուրին կուսումնասիրի և կգնահատի բոլոր առաջադրված
նախագծերը՝ մարտի 30-ին հրապարակելով յուրաքանչյուր անվանակարգում հավակնորդների
անունները: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ապրիլի 4-ին կայանալիք
մրցանակաբաշխության արարողության ընթացքում:
«2010 թվականին Orange-ն այս նախագծի համահիմնադիրներից է եղել, և ուրախ
ենք արդեն հինգերորդ տարին շարունակ աջակցել ArmNet-ին: Այս տարիների ընթացքում
ArmNet-ն իրոք դարձել է ավանդական՝ նշանակալիորեն նպաստելով հայկական ինտերնետ
բովանդակության զարգացմանը: Այս 5 տարիների ընթացքում հայկական ինտերնետն ու
բջջային հավելվածների ոլորտը կտրուկ զարգացում են ապրել. այսպես 2010 թվականին
Հայաստանում տնային տնտեսությունների ընդամենը 29%-ն էր օգտվում լայնաշերտ
ինտերնետից, 2014 թվականի վերջին այդ թիվը հասել է 75%-ի: Այժմ մեր
հեռախոսասարքերի վաճառքի 86%-ը կազմում են սմարթֆոնները, այնինչ 2010 թվականին այդ
ցուցանիշն ընդամենը 3% էր: Մեծ առաջընթաց է նկատվել նաև հայալեզու բովանդակության
ստեղծման և որակի առումով», - ասաց Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության
տնօրեն Արամ Մկրտչյանը:
«Բջջային հավելվածներն ու ծրագրերը փոխել են մեր աշխարհը, այսօր հազիվ թե
հնարավոր է պատկերացնել ժամանակակից ինտերնետ օգտատերի առանց Ինտերնետին միացած
սմարթֆոնի: Հատկապես անհրաժեշտ է նշել որ մեր վեբկայքեր և բջջային
հավելվածներ մշակողները ստեղծում են մրցունակ փաթեթներ, այսպիսով նպաստելով ոլորտի
զարգացմանը: Այս տարի Ինտերնետ Հանրությունը սկսելու է գրանցել մեսրոպատառ «.հայ»
վերջավորությամբ դոմենային անուններ, ինչը նույնպես վկայում է ոլորտի զարգացման
մասին: Ցանկանում եմ ArmNet մրցույթի բոլոր մասնակիցներին
հաջողություն՝ անկախ մրցույթի արդյունքներից, սա փորձ է, որ թույլ կտա իրենց
ուժերն ավելի լավ գնահատել և ձգտել նոր հաջողությունների»,- նշեց Ինտերնետ
Հանրություն ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
Այս տարի ArmNet 2015 միջոցառումների մասը կազմող համաժողովը կկրի «2015
ինտերնետի և բջջային հավելվածների միտումները» խորագիրը: Համաժողովը կհյուրընկալի
ՏՏ ոլորտի մասնագետների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից,այդ թվում՝
MediaRu ընկերության գլխավոր տնօրեն Ալեքս Նոսովին, Pediatr 24/7 բջջային
հավելվածի ղեկավար Դենիս Յուդչցին, ինչպես նաև FrooZoo և Getmyway նախագծերի
ներկայացուցիչներին: -կ-