


Առաջիկայում չի բացառվում Հայաստանում արտարժույթով վարկերի տոկոսադրույքերի որոշակի բարձրացում: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիքի է
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն, Տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը:
Նրա խոսքով,
բանկերի համար արտարժույթով ներգրավվող ավանդների պարտադիր պահուստավորման
նորմատիվի խստացումը և վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը բարձրացրեցին
դրամային ավանդների տոկոսադրույքերը 4-5%: «Ներկայումս բանկային շուկայում
իրավիճակը բարենպաստ է դրամային ավանդներ ներգրավելու և դոլարիզացիայի մակարդակը
կրճատելու համար, բնակչությունը պետք է օգտվի դրանից, քանի որ դրամային ավանդներն
ավելի եկամտաբեր են»,-նշել է բանկիրը:
Միևնույն
ժամանակ, Ա.Հանեսյանը գտնում է, որ նման պայմաներում բանկերն ավելի շուտ
կբարձրացնեն արտարժույթով վարկերի տոկոսադրույքերը: «Հետևաբար, առաջիկայում չի
բացառվում արտարժույթով ավանդների թանկացում»,-եզրափակել է նա:
Նշենք, որ 2014
թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ ԿԲ խստացրեց արտարժույթով ներգրավվող ավանդների
պարտադիր պահուստավորման նվազագույն նորմատիվը` 12%-ից մինչև 24%, որոնք
տեղաբաշխվում են Կենտրոնական բանկում, ամբողջովին` ՀՀ դրամով: Իսկ դրամային
պարտադիր պահուստների նվազագույն չափը ԿԲ պահպանեց ներգրավված միջոցների 2% չափով:
Հիշեցնենք, որ ՀՀ
Կենտրոնական բանկը փետրվարի 10-ին կայացած Խորհրդի նիստում հերթական անգամ
բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը`9.5% -ից մինչև 10.5%: Մինչ այդ
վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել էր հունվարի 22-ին` 8,5% -ից մինչև
9.5%, իսկ ավելի վաղ, 2014-ի դեկտեմբերի 23-ին` 6.75% -ից մինչև 8.5%: ԿԲ
լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները 17% -ից նվազեցվեցին մինչև 14.5% (2.5
տոկոսային կետով): Մինչ այդ, 2014-ի դեկտեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը
բարձրացրել էր լոմբարդային ռեպոների տոկոսադրույքը` 10.25% -ից մինչև 21%, որից
հետո, դեկտեմբերի 23-ին իջեցնել այն մինչև 20%, իսկ 2015 թվականի հունվարի 22-ին
նվազեցրել մինչև 17%:



