
Պաշտոնական այցով Կոլումբիայում գտնվող Թուրքիայի
նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «1915. Օսմանյան կայսրության
ամենաերկար տարին» գիտաժողովում, որը կազմակերպել էին Boqota Externado համալսարանը և Անկարայի համալսարանը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Ընդգծելով, որ օսմանյան
պետության հարավային և արևմտյան մասերն օկուպացված էին Առաջին համաշխարհային
պատերազմից հետո, Էրդողանն ասել է, որ այդ պատմությունը գրել են ոչ թե
պատմաբանները, այլ` առանձին ուժեր: «Այն, ինչը պատմության մեջ հայտնի է որպես 1915
թվականի իրադարձություններ, գրել են այդ ուժերը: Հայերի նկատմամբ թուրքերի արածն
ու թուրքերի նկատմամբ հայերի արածը 100 տարի շարունակ օբյեկտիվ չի արտացոլվել:
Մենք ուսումնասիրել ենք բոլոր արխիվները, միլիոնից ավելի պատմական փաստաթղթեր:
Հայաստանն ու երրորդ երկրները նույնպես պետք է բացեն իրենց արխիվներում այն ամենը,
ինչ առնչվում է դրան: Դա հանձնարարենք
պատմաբաններին, քաղաքագետներին և իրավաբաններին: Թող նրանք պարզություն մտցնեն այդ
հարցում, արդյունքները ներկայացնեն քաղաքական գործիչներին, և մենք վերջակետ կդնենք
այդ հարցում: Քաղաքական որոշումներ կայացնելով խորհրդարաններում և սուտը ճշտի տեղ
ներկայացնելով` անհնար է նենգափոխել պատմությունը»: Էրդողանը նաև նշել է, որ 1915
թվականի իրադարձությունների 100-ամյա տարելիցի առնչությամբ հայկական սփյուռքը
Թուրքիայի դեմ արշավ է վարում: Թուրքիան մտադիր չէ քարոզչություն վարել և ինչ-որ
կարծիք ձևավորել: «Մենք միշտ անկեղծորեն ցանկացել ենք 1915 թվականի
իրադարձությունների ճիշտ ուսումնասիրում և ընկալում: Այդ մենք ենք ձեռք մեկնել
Հայաստանին: Մենք ցանկանում էինք նոր էջ բացել, սակայն, ցավոք սրտի, մեր ձեռքը
մնաց օդում կախված»: Հիշեցնելով Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված
միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանի ղեկավարությանն ուղղված հրավերի մասին`
Թուրքիայի նախագահը «ստացված պատասխան հրավերը» համարել է ոչ կոռեկտ: «Մենք
ցանկանում էինք, որպեսզի նրանք ապրլի 24-ին լինեին Չանաքքալեում, զգային այդ
մթնոլորտը, սակայն իրենց ոչ կոոռեկտ հայտարարություններով նրանք հերթական անգամ
փակեցին հաշտության և երկխոսության ճանապարհը»:
Նշենք,
սակայն, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջինն էր Թուրքիայի իր պաշտոնակցին
հրավիրել մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին
Հայաստանում: Սակայն Անկարան անպատասխան էր թողել այդ հրավերը: Եվ արդեն մի քանի
ամիս անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սերժ Սարգսյանին հրավիրեց
մասնակցելու Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնք
Թուրքիան այս տարի առաջին անգամ որոշել է անցկացնել ապրիլի 24-ին: Հայաստանի
նախագահն այդ հրավերը համարեց ոչ կոռեկտ և մերժեց այն: