
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի
ղեկավարությունը բարոյական պատասխանատվություն է կրում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի
սպանության համար: Փետրվարի 4-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է
Պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի ղեկավար Գեղամ
Հարությունյանը:
Նա նշել է, որ այսօր պետք է ավարտվի այդ գործի
ծառայողական քննությունը, ինչից հետո նախարարի հրամանով կհետևեն
պաշտոնանկություններ և կարգապահական տույժեր: «Հարցը չի լուծվի միայն
պաշտոնանկություններով, անրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել
կրթադաստիարակական հարցերին: Պաշտպանության նախարարությունը պայքարում է բանակում
փողոցային բարքերի դեմ, այդ են վկայում մահացության ցուցանիշները, որոնք 2013
թվականի համեմատ նվազել են 32%-ով, իսկ կռիվները` 15%-ով», - նշել է նա: Հարությունյանն
ընդսմին ափսոսանք է հայտնել ինստիտուտի պետ Մարտին Կարապետյանի պաշտոնանկության
առնչությամբ, ով, իր կարծիքով, նվիրված ծառայում էր Հայաստանի զինված ուժերին,
սակայն Բարսեղյանի սպանությունը և 2013 թվականին տեղի ունեցած միջադեպերը ստվեր
գցեցին նրա գործունեւոթյան վրա: Ընդ որում Հարությունյանը չի հերքել լուրերն այն
մաիսն, որ ողբերգությանն առնչվում է նաև ինստիտւոտի պետի տեղակալի որդին:
Նա նաև չի համաձայնել լայն տարածում գտած այն կարծիքին,
թե Ռազմական ինստիտուտը հայտնի է իր կոռումպացվածությամբ և կարգապահության
բացակայությամբ: Նրա ասելով, ինստիտուտի շնորհիվ հայոց բանակում ծառայում են
օրինակելի սպաներ, որոնց կարող են նախանձել ցանկացած զինված ուժեր:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի վայրի զննության արդյունքների, նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։ Սպանված կուրսանտի չորս ծառայակիցների նկատմամբ
արդեն մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով մի խումբ անձանց կողմից
սպանություն կատարելու համար: Դրանք են Մովսես Ազարյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե
Սահակյանը, Գնել Թևոսյանը: Նրանք կալանավորվել են: Միջադեպից հետո Սեյրան Օհանյանը
տառացիորեն կադրային զտումներ է սկսել ինստիտուտում: