
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ՙBirthLink՚ ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորն այցելել են Երևանի վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ: ՙBirthLink՚ ՀԿ-ն աջակցություն է ցուցաբերում այս հիվանդանոցին 2009 թ.-ից ի վեր:
Երևանի վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական հիվանդանոցում տարեկան ծնվում է ավելի քան 3500 երեխա:
Կանանց մի մասը հիվանդանոց է տեղափոխվում մարզերից՝ ունենալով հղիության բարդացումներ, երբ անվտանգ ծննդաբերության համար անհրաժեշտ է ապահովել որակյալ բուժօգնություն, պատշաճ խնամք և պայմաններ: Նորածնային խնամքի այս բուժհաստատությունն աչքի է ընկնում բարձր ծանրաբեռնվածությամբ՝ տարեկան ընդունելով ավելի քան 650 վաղաժամ ծնված և առողջական խնդիրներ ունեցող երեխա: Հիվանդանոցն այս տարի ստացել է ինտենսիվ խնամքի երկու մանկական մահճակալ՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների առաջնային բուժօգնության համար, ինչպես նաև հավելյալ սարքավորումներ՝ շնչառական խնդիրների կարգավորման համար և ուլտրաձայնային ախտորոշիչ, որը նախատեսված է կյանքի առաջին մի քանի շաբաթվա ընթացքում ուղեղի փոփոխությունները և զարգացումը վերահսկելու համար: Տրամադրված սարքավորումների միջոցով հնարավոր կլինի որակյալ բուժօգնություն ցուցաբերել առավել մեծ թվով նորածինների, բացի այդ առավել դյուրին կդառնա առողջական խնդիրներ ունեցող երեխաների ախտորոշումը և նրանց առողջական վիճակի վերահսկումը:
ՙՆորածին երեխաները, ավելի քան որևէ մեկը, մեր հոգածության և նվիրման կարիքն ունեն: Մենք չպետք է անտարբեր լինենք և նորածնային մահացության բարձր ցուցանիշի դեմ պայքարում չպետք է անօգնական թողնենք ծնողներին, բժիշկներին ու հասարակությանը, որովհետև ընդհատված յուրաքանչյուր կյանքի հետ նվազում է մարդկության հուսալի ապագայի հնարավորությունը: Մենք խորապես հավատում ենք, որ յուրաքանչյուրն արժանի է լսելու ՙՄայրի՛կ, Հայրի՛կ, ես ձեզ սիրում եմՙ բառերը՚,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: