


Արմինֆո.Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղակայման դեմ բողոքող քաղաքացիները ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ: Ոստիկանությունը շրջափակել է շենքը։ Բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել։
Նախօրեին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել էր, որ այսօրվանից Գորիս - Կապան մայրուղում կտեղակայվի թշնամական Ադրբեջանի մաքսային հսկողության կետ: Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի իր տարածքում անձնագրային եւ մաքսային հսկողություն կիրականացնի Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, ինչից խուսափել կարելի էր "միջանցքային տրամաբանության գնով», ինչն անընդունելի է հայկական կողմի համար։
Կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարները վանկարկել են "Նիկոլ, դավաճան"։ "Հայաստան" խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Գեղամ Մանուկյանը հայտարարել են, որ փորձելու են մտնել կառավարության շենք ՝ վարչապետից պատասխաններ ստանալու համար: Ինչպես նշել է Աննա Գրիգորյանը, Փաշինյանի խոսքերն այն մասին, թե՝ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետությունը եւս մաքսային եւ անձնագրային հսկողության կետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհին, վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանություններն, առանց որեւէ իրավական հիմքի, դե յուրե ճանաչել են սահմանազատման փաստը:



