


Արմինֆո. Մարտի 10-ի առավոտից ցուցարարները շարունակում են արգելափակել Ազգային ժողովի շենքի մուտքերը։ Ակցիայի մասնակիցները մի քանի վրան են տեղադրել Դեմիրճյան փողոցում՝ փակելով նաև այդ փողոցը։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշել են, որ գիշերը հանգիստ է անցել, իրավապահ ուժերի հետ ոչ մի սադրանք և բախում չի եղել։ Ցուցարարները հայտարարել են, որ մտադիր են այստեղ մնալ մինչև իրենց պահանջների բավարարումը՝ մինչև կառավարության ղեկավարի հրաժարականի մասին ԱԺ որոշման ընդունումը:
Նախօրեին ուշ երեկոյան ընդդիմադիր "Հայրենիքի փրկության շարժման" համակարգող Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ, որպեսզի համատեղ ուժերով լուծեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու խնդիրը: Նա ընդգծել է, որ այսօր այս խնդրի լուծումն առաջնային հարց է, և աշխատանքի գնալու փոխարեն ավելի լավ է միանալ ընդդիմության գործողություններին, քանի որ երկիրը հայտնվել է անդունդի եզրին:
Ներկայում խորհրդարանի բոլոր մուտքերը փակ են։ Մարտի 9-ի հանրահավաքի ժամանակ "Հայրենիքի փրկության շարժումից" վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկաներին կոչ էր արել արգելափակել Ազգային ժողովի շենքի մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել այնտեղ: Նրա կոչից հետո հանրահավաքի մասնակիցները արգելափակել են ԱԺ բոլոր մուտքերը ։ Ոստիկանները չեն կարողացել կասեցնել նրանց գործողությունները։



