
Արմինֆո. Փաշինյանի և Ալիևի հանդիպման հիմնական նպատակը բանակցային գործընթացի վերսկսման փորձն էր, որն ընդհատվել էր 2016-ին Ադրբեջանի ագրեսիայի պատճառով ։ Այս մասին ապրիլի 1-ին Արմինֆո գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը՚ դաշինքի պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
«Այսինքն, այս հանդիպումից առանձնապես ակնկալիքներ ի սկզբանե չեն եղել, հեղափոխական ոչինչ չէր կարող տեղի ունենալ՚, - հայտարարել է Իգիթյանը։ Ընդ որում, նա հիասթափություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Բաքվի հայտարարությունները հանդիպումների ժամանակ և դրանից հետո տրամագծորեն տարբերվում են միմյանցից։ «Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը խոսում էր այն մասին, որ կողմերը պետք է վերականգնեն վստահության մակարդակը, մեր ժողովուրդներին նախապատրաստեն խաղաղության, իսկ հետո Բաքվում հանդես եկավ բոլորովին այլ հայտարարություններով։ Ալիեւն իրեն նույն կերպ է պահում։ Այն, ինչ Ադրբեջանի ներկայացուցիչները խոսում են ներքին սպառման համար, չի ասվում Մինսկի խմբի ձևաչափում, քանի որ դա խախտում է այն պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են։ Նման իրավիճակում դժվար է կողմնորոշվել, թե ինչպես վարվել՚, - ընդգծել է Իգիթյանը։
Պատգամավորը նշել է, որ իրական բանակցային գործընթացի սկիզբն անխուսափելի է, այլ բան է, թե ինչ ժամկետներում է այդ գործընթացն սկսվելու: «Հայկական կողմը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, արտահայտել է իր ամենագլխավոր մոտեցումը, այն է՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտությունը։ Եվ, տեսնելով ադրբեջանական կողմի դիրքորոշումը, կարելի է եզրակացնել, որ գործընթացն սկսվել է՚, - նշել է նա։
Նա նշել է, թե դրական է նաև այն, որ այսօր քննարկվում են հարցեր, որոնք կողմերին կբերեն փոխըմբռնման, այնուհետև՝ փոխհամաձայնության։ «Իհարկե, այդ գործընթացի լուծումը շուտով չի լինի, քանի որ երկու կողմից էլ մեծաթիվ զոհեր են եղել։ Բայց մենք պետք է բանակցություններ վարենք հնարավորինս խաղաղ պայմաններում, առանց ռազմական ուժի կիրառման։ Այդ դեպքում, հնարավոր է, որոշ ժամանակ անց ատելության մթնոլորտը թուլանա, և կարողանանք ավելի լավ հասկանալ միմյանց դիրքորոշումը՚, - եզրափակել է Իգիթյանը։