


Արմինֆո. Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները գերազանցել են ժամանակն ու սահմանները: Այդպիսի կարծիք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլը աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ հղած իր ցավակցական ուղերձում:
«Մենք խորին վշտով տեղեկացանք Շառլ Ազնավուրի մահվան մասին: Նա ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետ էր, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ բարեկամը: Սերունդների շրջանում հռչակ վայելող նրա ստեղծագործությունները գերազանցել են ժամանակն ու սահմանները: Մեծահոգի և գործին նվիրված ստեղծագործող, ով հռչակ է ձեռք բերել իր երգերի շնորհիվ, որոնք շարունակելու են ապրել մեզանում դեռ երկար՝ չհաշված նրա խաղը հայտնի ռեժիսորների ֆիլմերում: Եզակի ստեղծագործական գործունեությունից զատ, Շառլ Ազնավուրը նվիրված էր նաև հասարակությանը: Մենք հիշում ենք, թե ինչպես նա մոբիլիզացրեց միջազգային ջանքերը 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից հետո: Նա եղել է Հայաստանի անխոնջ դեսպանը, իսկ 1995 թվականին նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի պատվավոր դեսպան և մշտական ներկայացուցիչ: Նա մշտապես եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ ընկերը, մեր կազմակերպության մարդասիրական արժեքների պաշտպանը, կարևորել է մշակութային բազմազանությունն ու երիտասարդների շրջանում կրթությունը», - գրել է Ազուլն իր ուղերձում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին՚: Նա նաև հիշեցրել է, որ Ազնավուրի գերակայություններից մեկն էլ ֆրանկոֆոնիայի ժողովրդականացումը, և ինքն անհամբերությամբ սպասում էր Ազնավուրի հետ նոր հանդիպմանը` հաջորդ շաբաթ Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում:



