


Արմինֆո.ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին` Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, ՌԴ նախագահը երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հույս է հայտնել: «Հուսով եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը մեր երկու երկրների միջև, գործընկերային փոխգործակցությանը ԱՊՀ, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում»,- ասվում է շնորհավորական հեռագրում:
Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել մայիսի 14-ին Սոչիում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում: Այդ մասին Փաշինյանը հայտնել է՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին:
Նոր վարչապետը մտադիր է նաև մայիսի 9-ին այցելել Լեռնային Ղարաբաղ: Ավելի վաղ նա հայտնել էր, որ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում մտադիր է հասնել հանրապետության միջազգային ճանաչմանը:



