


Արմինֆո.Յուրաքանչյուր հարկատու պետք է կանոնավոր կերպով հարկեր վճարի` անկախ գույքային վիճակից: ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` իր նախընտրական ելույթի ժամանակ:
Փաշինյանը հայտարարել է, որ պետական գանձարանի հարկային եկամուտների հավաքագրումը և հետագա ծախսերը պետք է իրականացվեն բնականոն ռեժիմով: Հաշվի առնելով այդ հանգամանքը` նա բոլոր հարկատուներին կոչ է արել կանոնավոր վճարել հարկերը: «Խոշոր, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչները պետք է ժամանակին և պատշաճ ձևով իրականացնեն իրենց հարկային պարտավորությունները` պետության զարգացման բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով՚, - հայտարարել է Փաշինյանը:
Նա նաև ընդգծել է, որ հեղափոխությունն անիմաստ կլինի, եթե մենք էապես չվերանայենք մեր վարքագիծը: «Անհրաժեշտ է բացառել առանց ՀԴՄ կտրոնի ապրանքի բաց թողումը. բոլոր գործարքները պետք է ուղեկցվեն ՀԴՄ կտրոնների տրամադրմամբ` ինչպես պահանջում է օրենքը՚, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ առաջին փոխնախագահ Կարեն Բրուտյանը մտահոգություն էր հայտնել ընթացիկ տարվա ապրիլի ցուցանիշների առնչությամբ: Նրա ասելով, փողոցային բողոքների ֆոնին, սկսած ապրիլի երկրորդ շաբաթից, արձանագրվել է ֆիսկալ շրջանառության անկում: «Հայաստանի տնտեսավարող օբյեկտներն սկսել են ավելի հաճախ արձանագրել նվազ շրջանառություն: Եվ հարցը միայն տնտեսական պասիվությունը չէ, այլ այն, որ մի շարք հարկատուներ, օգտվելով իրավիճակից, ապրանքները բաց են թողնում առանց կտրոնների՚, - հայտարարել էր նա:



