


Արմինֆո. Ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ օրերս խորհրդարանական ընդդիմության և իշխանությունների միջև ձեռքբերված փոխհամաձայնությունն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատմական իրադարձություն է անվանել:
Ինչպես ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա, դա վկայում է 2017 թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարության նորմերին համապատասխան անցկացնելու ՀՀԿ շահագրգռվածության մասին: ՙՄենք արեցինք հնարավոր ամեն բան, որպեսզի առաջիկա ընտրությունները գոնե ԸՕ մակարդակով լիովին բավարարեն ընդդիմությանը՚,- ասել է Շարմազանովը:
Նշենք, որ իշխանության և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները 444 ձևաչափով նոր փաստաթուղթ են ստորագրել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման լրացուցիչ մեխանիզմների ստեղծման շուրջ: Նոր փաստաթուղթը նախատեսում է քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում, կեղծարարության վերաբերյալ կեղծ վկայության համար պատժի խստացման մասով ուղղումներ Քրեական օրենսգրքում, ձայների վերահաշվարկի և արդյունքների բողոքարկման ժամկետների ավելացում, ինչպես նաև քվեարկության ընթացքում ընտրատեղամասերից առցանց հեռարձակման ապահովում: Ընտրական գործընթացների նկատմամբ վերաահսկողության լրացուցիչ մեխանիզմների ներդրման համար անհրաժեշտ էր 9 մլն դոլար, որը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, գտնվել է ԵՄ, ԱՄՆ և այլ դոնոր կազմակերպությունների ջանքերի շնորհիվ:



