«Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի հնավայրում շարունակվում են հայ-ֆրանսիական հնագիտական խմբի կողմից իրականացվող պեղումների 2-րդ՝ ավարտական փուլի աշխատանքները:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է«Էրեբունի» պատմահնագիտական-արգելոց թանգարանի մամուլի
ծառայությունից, հայ-ֆրանսիական արշավախմբի աշխատանքների արդյունքում բացվել է նոր
խճապատ փողոց, հայտնաբերվել է ջրահեռացման համակարգի հատվածը: Բացի այդ, Խալդ
աստծո տաճարին հանդիպակաց սյունազարդ սրահում բացահայտված տարբեր
ժամանակաշրջանների հնագիտական շերտերը էական նշանակություն կունենան տաճարի
վերականգնման համար:
Էրեբունի միջնաբերդի
վերականգնման և այցելուների սպասարկման բարելավման ծրագիրը և ֆրանսիական կողմի հետ
համատեղ իրականացվող պեղումները կարևոր են հնավայրի գիտական ճանաչման ընդլայնման,
ինչպես նաև գտածոների անվտանգ պահպանության համար, հույս կա, որ ֆրանսիական կողմի
հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական: Հատկանշական է,
որ թանգարանի այցելուների թվում վերջին տարիներին ավելացել են ֆրանսիացի
զբոսաշրջիկները, ովքեր մեծ հետաքրքրությամբ են ծանոթանում Էրեբունու միջնաբերդին և
հազարամյակների պատմություն ունեցող մայրաքաղաքային քաղաքակրթությանը:
2016թ. հունիսից Էրեբունի միջնաբերդում պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբն օրերս համալրվել է իրանցի մասնագետներով, ովքեր ԻԻՀ Մշակութային ժառանգության և տուրիզմի հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցներ են: Իրանից ժամանած հնագետները պեղումներին մասնակցում են 2015թ. Երևանում եռակողմ՝ ԻԿՕՄՕՍ/Հայաստան, ԻԿՕՄ/Հայաստան և ԻԿՕՄ/Իրան կազմակերպությունների միջև ստորագրված համագործակցության Հուշագրի շրջանակում: Այն միտված է երկու երկրների տարածքներում հնագիտական համատեղ պեղումների իրականացմանը և դրանց արդյունքում հայտնաբերված գտածոների ուսումնասիրությանն ու հրատարակմանը: Սույն համագործակցությունն առավել ամրապնդվել է 2016թ. մայիսին Թեհրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետություն Երևանի քաղաքապետարանի պատվիրակության այցի շրջանակում, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ու ԻԻՀ Մշակութային ժառանգության և տուրիզմի հետազոտությունների ինստիտուտների միջև հնագիտության, ազգագրության և բանահյուսության ոլորտում լայն գիտահետազոտական ուսումնասիրությունների վերաբերյալ Համաձայնագրի ստորագրմամբ:
Նշյալ համագործակցությամբ այս տարի աշնանը նախատեսվում է նաև հայ հնագետների մասնակցությունը Իրանի Պերսեպոլիս հնավայրում իրականացվող պեղումներին: Հատկանշական է, որ իրանական կողմի հետ նման արդյունավետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ, ինչն, անշուշտ, կավելացնի հետաքրքրությունը դեպի հազարամյակներ շարունակ իր գոյությունը պահպանած Էրեբունի բերդաքաղաքը՝ Երևանի բնօրրանը, ինչպես նաև, այս ոլորտում սկիզբ է դրել հայկական, ֆրանսիական և իրանական յուրօրինակ գիտական համագործակցության:
2017թ.-ից ակնկալվում է նաև Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանի մասնակցությունը այս եռակողմ համագործակցությանը, որի արդյունքում նախատեսվում է հրատարակել Ուրարտուի ժառանգությանը նվիրված ծավալուն ալբոմ, ուր զետեղված կլինեն ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում պահպանվող, այլ նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող գտածոները:
2008-2016թթ իրականացված հայ-ֆրանսիական համագործակցությունը Էրեբունիում հնագիտության ասպարեզում ծանրակշիռ ներդրում կարելի է համարել ինչպես ոլորտի, այնպես էլ հայ-ֆրանսիական մշակութային կապերում:-