


Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 22-ին կստուգի գործարար և «Սոբեսեդնիկ» հրատարակչության տնօրեն Լևոն Հայրապետյանի նկատմամբ դատավճռի օրինականությունը, ով գաղութում 4 տարվա ազատազրկման է դատապարտվել Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևից 700 հազար դոլար կորզելու մեղադրանքով, դատարանի մամուլի ծառայությունից հայտնել են «ՌԻԱ Նովոստիին»:
«Դատարանը հունիսի 22-ին կքննի Հայրապետյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը Հայրապետյանին 4 տարվա ազատազրկման է դատապարտել, նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում, և պարտավորեցրել է տուժածի օգտին 20,8 մլն ռուբլի վճարել:
Քննության տվյալների համաձայն, գործարարը խաբել է ահաբեկչության և այլ ծանր հանցագործությունների համար ցմահ դատապարտված Իզմեստևի մորը` խոստանալով 700 հազար դոլարի դիմաց որդու համար ավելի մեղմ դատավճիռ ապահովել:



