


Եթե նոր Հարկային օրենսգիրքն ընդունվի, նշանակում է՝ տապանաքար պիտի պատվիրենք ու դնենք ՀՀ տնտեսության վրա: Այդ մասին այսօր ՀՀ ԱԺ-ում նոր Հարկային օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումների ընթացքում հայտարարել է ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, օրենքը, ընդունման դեպքում, կոչնչացնի երկրի տնտեսությունը: Այնուամենայնիվ, 700 էջանոց փաստաթուղթը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Կառավարությունը մտադիր է ֆիսկալ խնդիր լուծել՝ բոլոր միջոցներով փորձելով լրացնել պետական բյուջեի բացերը, միաժամանակ անտեսելով գործարարների կարծիքը: Գործադիր մարմինը նույնիսկ հարկ չի համարել ներկայացված փաստաթուղթը քննարկել բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ առաջարկելով փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել միանգամից երեք ընթերցմամբ, խոստանալով հետո փոփոխություններ մտցնել դրանում:
Զոհրաբյանի խոսքով, հարկային մուտքերը կարելի է ավելացնել երկու միջոցով՝ կամ պայքարելով կոռուպցիայի և ստվերի դեմ, կամ հարկաքամ անելով փոքր և միջին ձեռնարկատերերին: ՙՍկզբում սրբազան պատերազմ հայտարարեցինք կոռուպցիային, բայց, ինչպես ցույց տվեցին հաջորդող իրադարձությունները, պայքարն անարդյունավետ էր: Երեկ տոնեցինք կոռուպցիայի դեմ պայքարի մեկ ամիսը: Պայքարեք կոռուպցիայի դեմ և ավելացրեք հարկային մուտքերը: Մի՞թե
կոռուպցիան անորսալի Ջոն է, չեք կարողանում հայտնաբերել: Մի՞թե դժվար է Հայաստանում գտնել մոնոպոլիստներին: Բոլորը շատ լավ գիտեն թե՛ կոռուպցիոնիստներին, թե մոնոպոլիստներին, և նրանց, ովքեր թաքցնում են եկամուտները՚,- ասել է պատգամավորը: Նա մատնանշելել է նաև փոքր և միջին բիզնեսի համար բազմաթիվ թակարդների առկայությունը՝ կոչ անելով դադարեցնել քննարկումները և ձեռնամուխ լինել իրական ու լուրջ բարեփոխումների:



