
ԱրմԻնֆո. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) խորը մտահոգություն է հայտնում Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) ղեկավարության նկատմամբ իրականացվող հալածանքների վերաբերյալ։
«Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ինչպես նաև վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումը, որը նախաձեռնվել է Հայաստանի կառավարության կողմից և հիմնված է թեմի կառավարման հետ կապված ներքին եկեղեցական խնդրի վրա, լուրջ մտահոգություններ է առաջացնում կրոնական ազատության և օրենքի գերակայության համատեքստում», - ասվում է միության հայտարարության մեջ։
ՀԲԸՄ-ն հարգանքով կոչ է անում դադարեցնել այս քրեական գործը, որը, կազմակերպության կարծիքով, իրավական հիմք չունի և հակասում է պատմական ավանդույթներին։ Ինչպես նախկինում, ՀԲԸՄ-ն պատրաստ է կառուցողական դեր խաղալ ստեղծված իրավիճակի լուծման գործում, եթե անհրաժեշտություն առաջանա։
«ՀՀ Սահմանադրությունը և ազգային օրենսդրությունը ճանաչում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես ազգային եկեղեցի, երաշխավորում են նրա ինքնակառավարման իրավունքը և պաշտպանում կրոնական ազատությունը։ Հետևաբար, եպիսկոպոսների եկեղեցական պաշտոնի համար պիտանիության վերաբերյալ հարցերը պետք է կարգավորվեն բացառապես կանոնական իրավունքի և եկեղեցական սահմանված ընթացակարգերի շրջանակներում», - նշել է Միությունը։
ՀԲԸՄ-ն հայտարարել է, որ հարգում է Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, նրա քաղաքական լիազորությունները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները։ Միաժամանակ, Կազմակերպությունը անսասան հարգանք է տածում Հայ Եկեղեցու և նրա ղեկավարության նկատմամբ, որոնք ընտրվել են կանոնական իրավունքի և եկեղեցական կարգի համաձայն, և կարևոր է համարում Եկեղեցու շարունակական դերը հայ ինքնության պահպանման գործում ամբողջ աշխարհում։
Նշենք, որ այսօր՝ ժամը 16:00-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հակոբ Մանուկյանի նախագահությամբ, տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործի առաջին նիստը։
Նշենք, որ 2025 թվականի մայիսից ի վեր Հայաստանի իշխանությունները սկսել են ակտիվ հակաեկեղեցական քաղաքականություն և ձգտում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրաժարականին, ով ընտրվել է այս պաշտոնում ցմահ։ Այս արշավը թիրախավորել է ինչպես հոգևորականներին, այնպես էլ Եկեղեցուն աջակցող քաղաքացիներին։ Այս տարվա փետրվարին Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ, և նրան արգելվել է լքել երկիրը։ Գործը հիմնված է Արման Սարոյանի կարգալույծ լինելու հետ կապված դատական որոշման կատարմանը խոչընդոտելու մեղադրանքի վրա։ Քրեական գործով դատախազ է նշանակվել Խաչատուր Գալստյանը։ Գործին ներգրավված են նաև մի քանի այլ բարձրաստիճան հոգևորականներ։