
Արմինֆո. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների նկատմամբ դատավարությունը ոչ միայն ցավ եւ մտահոգություն է առաջացնում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետեւորդների շրջանում, այլեւ լուրջ հարցադրումներ կարող է առաջացնել բոլոր նրանց շրջանում, ովքեր կարեւորում են կրոնական ազատությունը, իրավունքի գերակայությունը եւ ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքները։
Այդ մասին ասվում է Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի (Դամասկոս, Սիրիա), Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի (Քյոլն, Գերմանիա), Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի (Բաղդադ, Իրաք) համատեղ հայտարարությունում։
«Այս Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է եւ շարունակում է մնալ հայ ժողովրդի հոգեւոր ու ազգային ինքնության կարեւորագույն հենասյուներից մեկը։ Մեր Եկեղեցին, ի գլուխ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, իր առաքելությունն իրականացրել եւ իրականացնում է ժողովրդի ու պետության բարօրությանը ծառայելու բարձր գիտակցությամբ։ Այդ իսկ պատճառով Եկեղեցու բարձրագույն հոգեւոր իշխանության նկատմամբ իրականացվող ցանկացած իրավական գործընթաց պետք է լինի առավելագույնս զգուշավոր, բացառիկ հիմնավորված եւ լիովին համապատասխանի ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, այնպես էլ միջազգային իրավունքի չափանիշներին։
Մինչդեռ ներկա իրավիճակը լուրջ հարցադրումներ է առաջացնում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խղճի եւ կրոնի ազատության, պետության եւ եկեղեցու տարանջատման սկզբունքի, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներքին ինքնավարության եւ նրա առաջնորդի իրավասություններին առնչվող հիմնարար սկզբունքների պահպանման առնչությամբ։ Այս իրավիճակը խաթարում է մեր Եկեղեցու բնականոն գործունեությունը։
Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին պետություն-եկեղեցի հարաբերություններում ձեւավորվել են լարվածություն, փոխադարձ անվստահություն եւ առաջացել բազմաթիվ այլ խնդիրներ։ Մենք համոզված ենք, որ նման բարդ ու զգայուն հարցերը չեն կարող ստանալ իրենց արդար ու կայուն լուծումը իրավական ճնշումների, քրեական հետապնդումների, սուր առճակատման կամ Եկեղեցու ներքին կյանքին միջամտության միջոցով։ Նման գործընթացները վտանգում են հասարակության ներքին համերաշխությունը, խորացնում պառակտումը եւ կարող են վնասել պետության ժողովրդավարական հեղինակությանը, ինչպես նաեւ Հայաստանի միջազգային վարկանիշին՝ որպես մարդու իրավունքներն ու կրոնական ազատությունները հարգող պետության։
Մենք վստահ ենք, որ իշխանության եւ եկեղեցու միջեւ առկա բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն սահմանադրական սկզբունքների պահպանման եւ օրենքի գերակայության, փոխադարձ հարգանքի, ինչպես նաեւ առողջ ու կառուցողական երկխոսության ճանապարհով։
Հետեւաբար կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին` առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով՝ ձեռնպահ մնալով այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել հասարակական բաժանումները կամ վտանգել երկրի հոգեւոր ու հասարակական կայունությունը։
Միաժամանակ դիմում ենք մեր քույր եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կառույցներին՝ ուշադրությամբ հետեւելու ընթացող զարգացումներին եւ իրենց աղոթքով ու բարոյական աջակցությամբ նպաստելու առողջ երկխոսության ու փոխըմբռնման ձեւավորմանը։
Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված իմաստություն ու խոհեմություն պարգեւի բոլոր պատասխանատուներին, որպեսզի ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարվի բարվոք ճանապարհով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ մեր ժողովրդի ապահով ու անվտանգ ներկայի ու ապագայի», - ասվում է հայտարարությունում։
Նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին, ժամը 16: 00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Հակոբ Մանուկյանի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները 2025 թվականի մայիսից ակտիվ հակաեկեղեցական քաղաքականություն են ծավալել և ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը, ով այդ պաշտոնում ընտրվում է ցմահ: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները։ Այս տարվա փետրվարին Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ, նրա մեկնումը երկրից արգելված է: Գործը հարուցվել է Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Քրեական գործով դատախազ է նշանակվել Խաչատուր Գալստյանը: Գործով անցնում են ևս մի քանի բարձրաստիճան հոգևորականներ։