
Արմինֆո.Ռուսաստանը պահանջում է հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) կամ Եվրամիությանը (ԵՄ) Հայաստանի անդամակցության հարցով, որպեսզի իմանա, թե ինչ արտաքին քաղաքական ընտրություն է կատարել երկիրը: Իր տելեգրամյան ալիքում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, քաղաքական մեկնաբան Բենիամին Մաթևոսյանը, նկատելով, որ ոչ բոլորի համար է մինչև վերջ պարզ, թե ինչու է դա անհրաժեշտ։
Ինչպես պարզաբանել է քաղաքագետը, Ռուսաստանը պատրաստվում է ԵՄ դեմ պատերազմի, և Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը՝ Ռուսաստանի դաշնակիցների ճամբարում, թե՞ նրանց ճամբարում, ովքեր "գրոհելու են ռուսական տարածքները": "Դրա համար էլ հանրաքվե է պետք՝ այն հարցին վերջնական պատասխանելու համար, թե որտեղ է իրեն տեսնում հայ ժողովուրդը։ Ոչ թե ընտրություններ, որոնց արդյունքները փորձում են ներկայացնել որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գծին սատարող հանրաքվե, այլ հենց առանձին, լիարժեք հանրաքվե", - նշել է Մաթևոսյանը։
Նրա խոսքով, եթե ընտրությունը լինի իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության գծի օգտին, ապա Մոսկվան իր վրայից կհանի պատասխանատվությունը այն բանի համար, ինչ տեղի կունենա Հայաստանի հետ դրանից հետո: "Հայկական կողմի համար գործն, իհարկե, չի հասնի ռուսական տարածքների գրոհին. այստեղ կողքին Թուրքիան է, որը դեպի Հայաստան ռազմական լոգիստիկան արագացնելու համար սկսել է վերականգնել դեպի հայկական Գյումրի երկաթուղու հատվածը։ Բայց դա արդեն Մոսկվայի պատասխանատվության գոտում չի լինի։ Դժվար ու տհաճ է այդ ամենն ասելը, բայց սա է իրականությունը", - նշել է փորձագետը։
Քաղաքագետը նաև նշել է, որ հայկական կողմի արդարացումները ոչ մի կերպ կապված չեն գործերի իրական վիճակի հետ: Այդ առնչությամբ նա հիշեցրել է, թե ինչպես ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ "Ղարաբաղը (Արցախը - խմբ.) ճանաչել է Ադրբեջանի մաս՝ այն բանից հետո, երբ երկու անգամ դա արել է Ռուսաստանի ղեկավարությունը": "Ռուսաստանի ղեկավարությունն արդեն ավելի քան երկու անգամ հայտարարել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ Ո՞րն է ձգձգման պատճառը: Իսկ իրականությունն այն է, որ Փաշինյանի ապրիլյան հայտարարությունը Արցախը հանձնելու հերթական արդարացումն էր, որն ընդհանուր ոչինչ չունի այն իրական շարժառիթների հետ, որոնք նրան դրդել են դա անել", - եզրափակել է քաղաքագետը։
Հիշեցնենք, մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում Հայաստանին առաջարկել է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում ՝ մատնանշելով հարկ եղած դեպքում "քաղաքակիրթ ապահարզան սկսելու" պատրաստակամությունը։ Երևանում՝ ի պատասխան, նշել են, որ ԵԱՏՄ-ն կլքեն, երբ հարկ համարեն ։ Իսկ արդեն մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում Հայաստանից պահանջել են հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ում գտնվելու մասով։ Նույն օրը ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող երկու աթոռի վրա նստել և պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի ընտրության հարցում:
Հավելենք, որ հուլիսի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել էր, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։ Փաշինյանը խնդրել էր միջոցներ ձեռնարկել՝ այդ խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս/թ մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել էր, որ հանրաքվեի անցկացումը, գործնականում, հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։ Միեւնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանն ընդգծել էր բաց, գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը։