
Արմինֆո. Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ Ազգային ժողովի հրավիրման հնարավորությունը՝ առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության, կարծես դառնում է իրական։ Այս մասին իր հոդվածում գրում է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Ըստ նրա խոսքի, որքան էլ դա լինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի տրամաբանական շարունակությունը, այնուամենայնիվ, կա հույս, որ առողջ դատողությունը կհաղթահարի։
«Պաշտպանելով Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու իրավունքները՝ ես տեսնում եմ, թե ինչպես են հոգևորականության դեմ ելույթ ունեցած իշխանությունները, ի վերջո, կրում անխուսափելի պարտություն, իսկ եկեղեցին դուրս է գալիս հաղթող։ Եկեղեցու դեմ պայքարն անհույս է։ Այսօր, երբ ՀՀ վարչապետն ինքն արդեն զգում է, որ իր սկսած արշավը չի գտնում արձագանք ու աջակցություն հայ ժողովրդի կողմից, եկել է հարմար պահը՝ կանգ առնելու։ Ժամանակն է մարել քաղաքական հավակնությունները, ի վերջո չդավաճանել ավանդույթներին և չսասանել պետականության հիմքերը»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ ՀԱԵ-ի դեմ «թարմ» արշավի մեկնարկը դրվեց Փաշինյանի՝ անցյալ տարվա մայիսի 29-ին կառավարության նիստում արած հայտարարությամբ, երբ նա Հայաստանի եկեղեցիները համեմատեց պահեստարանների հետ։ Այնուհետև նա վիրավորական արտահայտություններ գրեց ՀԱԵ առաջնորդների հասցեին և բարձրացրեց հայ հոգևորականների, մասնավորապես՝ Ամենայն հայոց կաթողիկոսի ամուրիության հարցը։ Իսկ վարչապետի տիկինը հոգևորականներին անվանեց «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Դրան նախորդել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայտարարությունը Բեռնում կայացած միջազգային կոնֆերանսում, որտեղ նա նշել էր, որ Ադրբեջանը տարածաշրջանում շարունակում է ոչնչացնել հայկական քրիստոնեական և մշակութային-պատմական հուշարձանները, ինչպես նաև գերության մեջ պահում ղարաբաղյան ղեկավարության ներկայացուցիչների և այլ քաղաքացիների։ Եվ այդ պահից նա ամեն օր հանդես էր գալիս պահանջով՝ պարզաբանել հարցը՝ արդյոք Գարեգին Երկրորդը պահպանե՞լ է ամուրիության երդումը։ Պատասխան չստանալով՝ նա մի քանի օր առաջ ինքն է հայտարարել, որ Կաթողիկոսն ունի երեխա, և նա պետք է հրաժարվի իր պաշտոնից։ Իրադարձությունները արագացնելով՝ Փաշինյանը կոչ արեց «գործուն քայլերի»՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պաշտոնանկ անելու համար և հայտարարեց հատուկ համակարգող խմբի ստեղծման մասին՝ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նստավայրն ազատագրելու» և կաթողիկոսի նոր ընտրությունների կազմակերպչական հարցերը կարգավորելու նպատակով։ Համակարգող խմբի առաջին 10 անդամներին, ովքեր «ամբողջ սրտով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, գոնե մեկ անգամ Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ կարդացել են, վերջին հինգ տարիների ընթացքում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը, ամեն օր աղոթում են», կընտրի հենց վարչապետը։