
Արմինֆո. "Սրբազան պայքար" շարժման գործով փորձագիտական խումբը պետական ապարատի ռեպրեսիվ գործողություններից տուժած է ճանաչել առնվազն 109 մարդու: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
«Հիշու՞մ էիք, որ ասում էի «Սրբազան պայքարի» գործով դիմելու ենք միջազգային կառույցների։ Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու։ Խնդրեմ՝ 8 ամսվա անտրտունջ աշխատանքի առաջին արդյունքը. Հայաստանի դեմ երբևէ հարուցված 19 հաղորդակցություններից ամենաամոթալին, ամենածանրը ու ամենածաղրականը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։
Թեև մեր դիմումում ցույց էինք տվել «Սրբազան պայքարի» մասնակիցների քաղաքական հետապնդման ժամանակագրությունը և ընդհանուր համատեքստը (ներառյալ հունիսի 12-ի բռնությունները), այդուհանդերձ շեշտադրել էինք առավելապես «18 արդարների» գործը, «ահաբեկչության» մեղադրանքի անհեթեթությունը։
Այնուամենայնիվ, ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել ոչ միայն զուտ «18 արդարների» գործը, այլ ընդհանուր համատեքստը՝ պետական ապարատի ռեպրեսիաներից տուժած համարելով առնվազն 109 անձի։
«Մենք մտահոգված ենք իշխանությունների ձեռնարկած միջոցներով, որոնք համահունչ չեն մարդու իրավունքների ՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»
Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Իսկ մեր պետության պատասխանները ՄԱԿ-ին միայն իսպանական ամոթ են առաջացնում», - գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսին հակաեկեղեցական լայն արշավ էր սկսել ՝ պահանջելով Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը: Այդ արշավի շրջանակներում ձերբակալվել էին մի շարք հոգևորականներ։ Հունիսի 25-ին կալանքի տակ էին առնվել "Սրբազան պայքար" շարժման 18 ընդդիմադիր գործիչներ և համակիրներ ՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Նրանց մեղսագրվում է "իշխանությունը զավթելու" փորձ և "ահաբեկչություն"։ Որպես նրանց մեղավորության ապացույց բերվում են "շարժման անդամների միջև խոսակցությունների ձայնագրություններ"։