
Արմինֆո. Նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կոնֆլիկտի մեջ մտած բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանին ազատել են աշխատանքից: Այդ մասին Facebook - ի իր էջում գրել է նրա դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
Նրա ասելով՝ 21 տարի Երևանի պոլիկլինիկաներից մեկում անբասիր աշխատանքից հետո Արփինե Սողոյանին աշխատանքից ազատել են, իբր հաստիքի կրճատման պատճառով, ինչը ղեկավարությունը բացատրել է միջոցների բացակայությամբ:
"Այսինքն՝ այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության։
Իհարկե այս ամենի պաշտոնական պարզաբանումը՝ թե բա գումար չունենք, ավելի ծիծաղելի է դառնում, երբ համեմատում ես խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ։ Ինչևէ, դրանց հետո կանդրադառնամ։ Հիմա միայն ասեմ, որ սա՝ հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատումը մայրիկիս բարեխիղճ աշխատանքի լավագույն ցուցիչն է, և մեր ազատ խոսքը պաշտպանող «ժողովրդավարության բաստիոնի» հերթական վառ ապացույցը։ Մայրիկիս տրամադրությունը լավ է, աշխատանքային հեռանկարները` բավարար", - գրել է Տաթևիկ Սողոյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետը լեզվակռվի էր բռնվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայող Հրանտ Պապիկյանի քրոջ՝ Արփինե Սողոյանի հետ, ով հայտարարել էր, որ հենց Փաշինյանն է "կործանել երկիրը" և հանդիսանում է "ժողովրդի թշնամին": Երբ նա փորձել էր հեռանալ, վարչապետը բռնել էր նրա ձեռքը, փորձելով շարունակել զրույցը ՝ չնայած կնոջ դժկամությանը: Վիճաբանությունը շարունակվել էր բարձր տոնով։
Ավելի ուշ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ պոլիկլինիկայի տնօրենը, որտեղ աշխատում էր Սողոյանը, խնդրել է իրեն աշխատանքից ազատման դիմում գրել, սակայն մերժում է ստացել:
Մինչդեռ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում էր, որ բժշկին չեն կարող հեռացնել քաղաքական դրդապատճառներով, առավել ևս, որ խոսքը պատերազմի ժամանակ եղբորը կորցրած կնոջ մասին է: Նրա խոսքով ՝ իշխանությունները պատասխան են տալու նրանց, ովքեր վիրավորում են իրենց, սակայն դա չի նշանակում, որ մարդը կարող է ազատվել աշխատանքից կամ նման սպառնալիք կա: