
Արմինֆո.Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Գլխավոր դատախազությանն է վերադարձրել պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, իսկ առանձին դեպքերում նրանց ձերբակալելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունները:
Ինչպես ասվում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրությունում, ԿԸՀ-ը ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել էր պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, որոշների դեպքում էլ՝ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ։
«Այդ միջնորդությունները ԿԸՀ-ն չէր քննել աշխատանքային ծանրաբեռնվածության՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման հանգամանքով պայմանավորված։ Հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում որոշել է դրանք վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազություն։
Ընտրական օրենսգրքով պատգամավորի թեկնածուների սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը: Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը», - ասվում է հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության, Գլխավոր դատախազությանը վերադարձված միջնորդությունները վերաբերել են "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանի, "Ուժեղ Հայաստան" կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Լևոն Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նույն դաշինքի թեկնածուներ Հայկ Ավագյանի, Մհեր Աղամյանի, Նարեկ Կարապետյանի և Սասուն Բադոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալուն: