
Արմինֆո. Վացլավ Հավելի անվան մրցանակի հավակնորդ Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում։
Չեխական Idnes.cz թերթը լուսաբանել է Ռուբեն Վարդանյանի առաջադրումը Վացլավ Հավելի անվան մրցանակի համար և նրա ու Բաքվում պահվող մյուս հայ ռազմագերիների ճակատագիրը: Պարբերականը, մասնավորապես, նշում է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, ներառյալ մարդու իրավունքների համար Վացլավ Հավելի անվան մրցանակի հնարավոր դափնեկիր Ռուբեն Վարդանյանը, Բաքվում դատապարտել են խիստ պատիժների, որոնցից մի քանիսը՝ ցմահ: Amnesty International-ը, օրինակ, դատական գործընթացներն անվանել է ոչ թափանցիկ և շինծու։ Իրավիճակը քննադատության է ենթարկվել նաև Եվրոպական խորհրդարանի կողմից, որը հատուկ բանաձևում դատապարտել է հայ ռազմագերիների անօրինական ձերբակալումը և վերահաստատել իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքներին: 2026 թվականի փետրվարին ՝ Ռուբեն Վարդանյանի դատավճռի հրապարակումից հետո, Amnesty International-ը էթնիկ հայերի դատավարությունը որակել էր որպես արդարադատության ծաղրերգություն։ Մեղադրական եզրակացության ամբողջական տեքստը չի հրապարակվել դատավարության ընթացքում, և ադրբեջանական իշխանությունների կողմից պարզաբանումների վերաբերյալ Amnesty International-ի հարցումները մնացել են անպատասխան:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ռուբեն Վարդանյանը ՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարարը, մայիսին միջազգային իրավապաշտպանների կողմից առաջադրվել էր 2026 թվականի Մարդու իրավունքների համար Վացլավ Հավելի անվան մրցանակի։ Նրանք նշել են նրա երկարամյա մարդասիրական գործունեությունը, մասնավորապես, "Ավրորա" մարդասիրական նախաձեռնության շրջանակում։ Այդ շահույթ չհետապնդող նախաձեռնությունն աջակցում է մարդասիրական աշխատողներին, ովքեր օգնում են պատերազմի, բռնության և ոտնձգությունների սպառնալիքի տակ գտնվող մարդկանց: Իրավապաշտպանները հատուկ նշանակություն են տալիս նաեւ Վարդանյանի ՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու որոշմանը ՝ իրավիճակի վատթարացման ֆոնին ։ Նրանց գնահատմամբ ՝ այդ ընթացքում նա փորձել է երկխոսության, բանակցությունների եւ փոխըմբռնման ուղիներ գտնել աշխարհի ամենաբարդ եւ զգայուն հակամարտության գոտիներից մեկում։ Նրանց համոզմամբ ՝ մրցանակի շնորհումը ոչ միայն արժանի գնահատական կլինի Ռուբեն Վարդանյանի մարդասիրական գործունեությանը, այլև կարևոր խթան կհանդիսանա նրա, ինչպես նաև Բաքվում պահվող մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման համար:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։