
Արմինֆո.Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Դեյվիդ Ալենին Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության 250-ամյակի առթիվ՝ խնդրելով իր բարեմաղթանքները փոխանցել ԱՄՆ ղեկավարությանը և բարեկամ ամերիկացի ժողովրդին։
Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերությունը, որը վերջին տարիներին հետևողականորեն ընդլայնվում է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ։
Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ լինել։ Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար։ Դրանք մեզ համար մեծ նշանակություն ունեն, հատկապես երբ հնչում են վստահելի ընկերոջ և գործընկերոջ կողմից։ Մենք բարձր ենք գնահատում ձեր բարեմաղթանքներն ու մեր միջև ձևավորված սերտ համագործակցությունը։
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար: Բոլոր այն մարդկանց, որոնց հետ աշխատում ենք ընդունում ենք ոչ միայն որպես գործընկերների, այլև իսկական բարեկամների։
Անցած տարիների ընթացքում մենք միասին իրապես մեծ և արդյունավետ աշխատանք ենք իրականացրել»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջիկայում ևս կշարունակեն նույն ոգով զարգացնել համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերը։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ երկու երկրների համագործակցությունը շարունակում է դինամիկ զարգանալ՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, փոխադարձ վստահության և երկարաժամկետ գործընկերության վրա։ Կարևորվել է համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի հետևողական իրականացումը՝ ուղղված Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և բարեփոխումների առաջմղմանը։
Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել TRIPP ծրագրին՝ ընդգծելով դրա կարևոր նշանակությունը Հայաստանի ենթակառուցվածքների արդիականացման, տնտեսական կապերի խորացման և ներդրումային միջավայրի զարգացման տեսանկյունից։ Նշվել է, որ նման նախաձեռնությունները նպաստում են Հայաստանի մրցունակության բարձրացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ պետական կառավարման և բարեփոխումների գործընթացին։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Հանրապետության նախագահը կարևորել է Միացյալ Նահանգների դերակատարությունը Հարավային Կովկասում կայունության և տևական խաղաղության հաստատման գործում։ Այս համատեքստում ընդգծվել է նաև 2025 թվականի օգոստոսի 8-ի ձեռք բերված համաձայնությունների և պայմանավորվածությունների նշանակությունը՝ որպես տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևոր հիմք։
Զրույցի ընթացքում կարևորվել է նաև բարձր տեխնոլոգիաների, տնտեսության, էներգետիկայի, կրթության և նորարարության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության շարունակական ընդլայնումը։ Երկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը՝ զարգացնելու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների և տարածաշրջանային խաղաղության ու բարօրության։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով։ Իսկ արդեն հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել էր Վաշինգտոնում սստոորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։