


Արմինֆո. Համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում առողջապահության առաջնային օղակի աշխատողների մեծ մասի աշխատավարձն աճել է 30-40% - ով։ Այդ մասին հունիսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ առանձին ամբուլատորիաներ առաջվա պես բախվում են ֆինանսական դժվարությունների՝ նախկինում կուտակված պարտավորությունների պատճառով։ "Սակայն նրանք աստիճանաբար մարում են պարտքերը, որպեսզի հնարավորություն ունենան լրացուցիչ բարձրացնել իրենց մասնագետների վարձատրությունը", - ասել է գերատեսչության ղեկավարը:
Ընդ որում, Ավանեսյանն ընդգծել է, որ աշխատավարձերի բարձրացումը վերաբերել է ոչ միայն բժիշկներին, այլև բուժանձնակազմի միջին օղակին:
Նախարարը պարզաբանել է, որ համակարգի ներդրումից հետո մասնագետների վարձատրության չափն ուղղակիորեն կախված է նրանց ընդունած հիվանդների թվից։ Այդ առնչությամբ նա նշել է, որ պոլիկլինիկաներում կան մասնագետներ, ում ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն դրամ։
Խոսելով ընդունելության հերթագրման մասին՝ նախարարը տեղեկացրել է, որ առաջնային օղակի մասնագետի խորհրդատվությանն սպասելու միջին ժամկետը մոտ երկու շաբաթ է:
Ընդ որում, առավել պահանջված մասնագետների ընդունելությանը սպասումը կարող է ավելի երկար լինել, սակայն, միջին հաշվով խոսքը հենց երկու շաբաթվա մասին է։ Անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են անմիջապես դիմել համապատասխան ծառայությանը:



