
Արմինֆո.Ներկա քաղաքականության շարունակման դեպքում Մոսկվայի հետ նախկին հարաբերությունները պահպանելու Երևանի հույսերը դատարկ հույսեր են։ Նման կարծիք նախօրեին կայացած «Պրիմակովյան ընթերցումներ» փորձագիտական ֆորումի շրջանակներում հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Ինձ զարմացնում են Հայաստանի իշխանությունների այսպես կոչված հույսերը, թե, չնայած այն ամենին, ինչ նրանք անում են և պատրաստվում են անել, մենք չպետք է դրան որևէ կերպ արձագանքենք ու պատասխանենք։ Ինձ թվում է՝ դրանք դատարկ հույսեր են։ Եվ ռուս-հայկական հարաբերություններում այսօրվա խնդիրների լիակատար արարիչը, անշուշտ, Հայաստանի իշխանություններն են, ովքեր, առանց թաքցնելու, պատրաստվում են եղբայրանալ մեր աշխարհաքաղաքական հակառակորդների հետ։ Նրանց հետ, ովքեր իրենց նպատակն են հայտարարել Ռուսաստանի ռազմավարական պարտությունը։ Ընդ որում, սեփական բնակչությանը հանգստացնելու շահերից ելնելով՝ հեքիաթներ են պատմվում այն մասին, թե Ռուսաստանն այս կապակցությամբ չպետք է նույնիսկ մտահոգվի։ Այն, որ իրեն դավաճանում են, այն, որ իրեն, ըստ էության, լքում են, չպետք է հուզի իրեն։ Կցանկանայի տեսնել ցանկացած այլ երկրի, ներառյալ Հայաստանին, որն այդ կերպ կարձագանքեր նման մարտահրավերին»,- ասել է Զատուլինը։
«Ինչ վերաբերում է Հայաստանում տիրող ներկա իրավիճակին, ապա այն կանխորոշված է հունիսի 7-ի քվեարկության ընթացքում ընտրությունների, ըստ էության, ուզուրպացիայի (յուրացման) փաստով։ Եվ դրա նախօրեին մենք բազմիցս հայտարարել ենք, որ դեռևս մինչև քվեարկության օրը հիմքեր կային այդ ընտրություններն անօրինական համարելու համար։ Բռնաճնշումները սանձազերծված են, դրանք շարունակվում են և խորանում։ Բազմապատկվում են ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքները, արգելքներն ու ձերբակալությունները։ Ճնշում է գործադրվում հայկական Եկեղեցու վրա, աշխարհիկ իշխանության միջամտություն է տեղի ունենում Եկեղեցու գործերին, այսինքն՝ խախտվում են այն սկզբունքները, որոնք քաղաքակիրթ աշխարհում համարվում են համընդհանուր ընդունված։
Այս ամենն այսօր բնութագրում է գործող վարչապետի քաղաքականությունը։ Իհարկե, սրանք Հայաստանի ներքին գործերն են։ Բայց Հայաստանի այս ներքին գործերը իրավունք ունեն մեկնաբանել նաև դրսից՝ ինչպես դա անում են, օրինակ, Եվրամիությունը, ԱՄՆ-ը, այնպես էլ մենք։ Եվ ես ուզում եմ նկատել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը զարգանալու և շարունակվելու են, հատկապես այն մարդկանց հետ, ովքեր ձգտում են դրան։ Բայց դա ամենևին չի նշանակում, թե մենք պետք է ընդունենք, որ անցած ընտրություններն իսկապես ընտրություններ էին։ Տարբերություն կա դե յուրեի և դե ֆակտոյի միջև։ Եվ ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանն դա լավ է հասկանում։ Եվ, փորձելով նվազեցնել այս փաստի նշանակությունը, ձևացնում է, թե իրեն միևնույն է»,- ամփոփել է Կոնստանտին Զատուլինը