


Արմինֆո. Երեւանի առաջին ատյանի դատարանը հայտնի ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ, "ՀայաՔվե" միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկու ամսով կալանավորումը: Այսօր վաղ առավոտյան Չալաբյանը ձերբակալվել էր, նրա տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել։
Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հանդես էր եկել ձերբակալությունը հիմնավորող երկար ձևակերպմամբ, իբր, «առերևույթ ակնհայտ փաստական տվյալներ ձեռք բերելու վերաբերյալ», որ Ավետիք Չալաբյանը, հանդիսանալով "ՀայաՔվե" միավորման համակարգող, 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով 2026 թվականի մայիսին մեկնել և հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ: Այդ հանդիպումների ընթացքում վերջիններիս համոզելով և հակելով վերոնշյալ ընտրություններում իրենց նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելուն, վերջիններիս դրդել է, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, օգտագործելով իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, խոչընդոտեն 2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը: Քննության փորձաքննությունը վկայակոչում է խոսակցության ինչ-որ ձայնագրություն։
Ընդդիմադիր ուժերը գործը համարում են ամբողջովին շինծու և "սպիտակ թելերով" կարված ։ Նրանց համոզմամբ՝ խոսքը մտացածին մեղադրանքներով քաղաքական ընդդիմության ղեկավարներին ու ակտիվիստներին հերթական պետական ահաբեկման մասին է ։



