


Արմինֆո. Հայաստանը փաստացի ոչ մի մասնակցություն չի ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։
«Հայաստանն արդեն երրորդ տարին է՝ չի վճարում անդամակցության վճարները։ Դե ֆակտո նա գրեթե չի մասնակցում, դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Բայց որոշումը, բնականաբար, հայ ժողովրդինն ու Հայաստանի ղեկավարությանն է»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մասադիկովը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են հանրապետության կարգավիճակը և անդամավճարները չվճարելու պատճառով ձայնի իրավունքից զրկելու հարցը։ «Այո, այդ հարցը քննարկվում է։ Բոլորովին վերջերս Կազանում տեղի ունեցավ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որտեղ արտգործնախարարները մանրամասն քննարկեցին այդ հարցը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները 2022 թվականի վերջից։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ Կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ հանդեպ, ինչը չէր կարող մնալ առանց հետևանքների։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Երկրորդ համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ, Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։



