


Արմինֆո.Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
Ըստ նրա գրառման՝ ի թիվս այլ հարցերի, ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինվորի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը (գլխատում և մարմնի անդամահատում)։ Ադրբեջանին պարտավորեցրել են 90 000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։
«Սա կարևոր նախադեպ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի իրավունքների պաշտպանության համար ներկայացված գանգատների մասով։ Այս դրվագը ապրիլյան ամենածանր դեպքերից մեկն էր, երբ հակառակորդը դարանակալել էր հայ զինծառայողներին, իսկ հետո գլխատել ու խեղել նրանց մարմինները (սա մանրամասն նկարագրված է ՄԻԵԴ որոշման մեջ)։ Հատուկ շնորհակալություն դիմումատուների իրավաբանական թիմին: Հայաստանն այս գործերով հանդես է եկել որպես երրորդ կողմ, և չնայած Ադրբեջանը շարունակաբար հերքում էր իր մեղքը, բծախնդիր աշխատանքի արդյունքում հաջողվեց ներկայացնել անհերքելի ապացույցներ, այդ թվում՝ ադրբեջանական լրատվական ալիքների նյութեր, որտեղ ադրբեջանական հատուկ ջոկատայինները ներկայացնում էին այս «հերոսական դրվագը»»,- նշել է Դրմեյանը։
2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսեց ինտենսիվ հրետակոծություններ, որոնք այնուհետև վերածվեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Մարտերի ակտիվ փուլը տևեց ուղիղ երեքուկես օր։ Ապրիլի 5-ին կողմերը հրադադարի մասին բանավոր համաձայնություն ձեռք բերեցին, որից հետո իրավիճակը կայունացավ։ Հայկական կողմի պաշտոնական տվյալներով՝ ապրիլյան բախումների ընթացքում զոհվել է 110 զինծառայող և կամավոր, ևս 121 մարդ ստացել է վիրավորում։



