


Արմինֆո.Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Կառավարության մամուլի ծառայության տարածած ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգարժա՛ն վարչապետ, անձամբ իմ և Չեխիայի Հանրապետության անունից ցանկանում եմ ի սրտե շնորհավորել Ձեզ՝ վերջին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունների արդյունքները հստակորեն վկայում են այն վստահության մասին, որ Ձեր երկրի քաղաքացիները տածում են Ձեր հանդեպ։ Ես ջերմությամբ եմ հիշում սույն թվականի մայիսին Երևանում կայացած մեր հանդիպումը և ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալել էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը կարելի է հաջողված համարել, և որն ուղեկցվեց միջազգային դրական արձագանքով։ Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները, կշարունակի բարգավաճել և կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունը։ Մեր երկրների միջև հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական բնույթ, հիմնված են ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ առևտրի, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության բնագավառներում սերտ համագործակցության վրա։ Ես բարձր եմ գնահատում այս գործընկերությունը և անհամբերությամբ սպասում եմ մեր հետագա անձնական համագործակցությանը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, ամուր առողջություն և մեծ ուժ՝ Ձեր բարդ ու պատասխանատու պարտականությունների կատարման գործում»։



