
Արմինֆո. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսների «Մայր Հայաստան» հուշահամալիրի դեմ իրականացված վանդալիզմի արարքի կապակցությամբ։ Այս մասին հունիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սոսկալի պատմություն է տեղի ունեցել Գյումրիում՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման դեպքը։ Հունիսի 10-ին տեղեկություններ տարածվեցին այս հուշահամալիրի պղծման մասին, և դա, բնականաբար, խորին վրդովմունք է առաջացնում։ Այս սրբապիղծ արարքը սոսկ խուլիգանություն չէ, այլ նպատակաուղղված հարձակում՝ միտված ընդհանուր պատմական հիշողությանը, և մեծ հաղթանակը անարգելու փորձ։ Իհարկե, մենք բողոքի նոտա ենք հղել հայկական կողմին»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ, Զախարովան հավելել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն անմիջապես միացել են հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին։ Նա հավելել է, որ կատարվածին գնահատական է տվել Երևանում ՌԴ դեսպանատունը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիանալի է անվանել Հայաստանի իրավասու մարմինների հաղորդագրությունը՝ ենթադրյալ հանցագործին ձերբակալելու մասին։
Ռուս դիվանագետը վստահություն է հայտնել, որ այս հարցում արդարությունը կհաղթանակի, սակայն տարակուսանք է հայտնել Հայաստանի իշխանությունների վարքագծի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ հայկական իշխանությունները, կատարվածին հստակ գնահատական տալու փոխարեն, որոշել են լռել՝ դա անվանելով արդեն իսկ վատ ավանդույթ։
Դրա հետ մեկտեղ, Զախարովան ընդգծել է, որ նման թողտվությունը և Հայաստանում հունիսյան խորհրդարանական ընտրություններն ուղեկցող սանձարձակ հակառուսական արշավը պարարտ հող են ստեղծել նման գործողությունների համար։ «Ավելին, նկատել ենք հայկական իշխանությունների հետ կապված որոշ տեղեկատվական ռեսուրսների փորձերը՝ միջադեպը ներկայացնելու որպես ռուսական կողմի դիտավորյալ սադրանք։ Գիտեք, կարելի է հորինել ինչ ասես, բայց դա ճիշտ չէ։ Դա սուտ է՝ նենգ ու ակնհայտ, ընթացքում հորինված։ Այս ամենը գտնվում է առողջ դատողության սահմաններից դուրս»,- հավելել է նա։ Զախարովան ընդգծել է, որ փորձը ցույց է տալիս, որ ԵՄ-ի հետ մերձեցում ցանկացող երկրների համար հանգուցային պայմաններից մեկը պայքարն է ընդհանուր պատմական հիշողության դեմ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ