


Արմինֆո. Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-ին «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը։ Հնչել են ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի և Հունաստանի պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։
Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի, Ֆրանսիայի, Հունաստանի զինված ուժերի զինծառայողները:
Զորավարժության հիմնական նպատակներն են․ խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացում; կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացում; ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում:
Զորավարժության մեկնարկի փաստի մասին հաղորել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, նշելով, որ այն կանցկացվի հունիսի 17-25-ը Հայաստանում:
«Սա արդեն չորրորդ ամենամյա զորավարժությունն է, որը հիմնված է հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության վրա և աջակցում է միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստման հարցում։ Այս տարի «Արծիվ գործընկերն» ընդլայնում է մասնակիցների շրջանակը և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներից զատ` մասնակցում են նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։
Համատեղ բազմակողմ վարժանքների միջոցով «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը բարձրացնում է փոխգործակցելիության մակարդակը, նպաստում լավագույն փորձի փոխանակմանը և ամրապնդում խաղաղապահների պատրաստվածությունը», - ամփոփել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։



