
Արմինֆո. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը պաշտոնական նամակներ է հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պաշտպանության հարցերում Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ։
«Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հայտարարությունն օրինաչափորեն հարց է առաջացնում Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պաշտպանության հարցերում ռուսական կողմի դիրքորոշման հետևողականության և սկզբունքայնության վերաբերյալ։ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի ցանկացած դրսևորում արժանի է անվերապահ դատապարտման՝ անկախ դրա կատարման վայրից։ Սակայն նման դիրքորոշումը չի կարող ընտրողական լինել։ Նացիզմի դեմ պայքարում զոհված միլիոնավոր մարդկանց հիշողության պաշտպանությունը պահանջում է միասնական մոտեցումներ, այլ ոչ թե քաղաքականապես մոտիվացված գնահատականներ»,- ասված է Ավանեսովի նամակում։
Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին, հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից հետո, միջազգային հանրությունն ականատես է եղել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների, խորհրդային ազատամարտիկների հուշահամալիրների և նախկին Խորհրդային Միության ժողովուրդների ընդհանուր պատմական ժառանգության անբաժանելի մասը հանդիսացող այլ օբյեկտների համակարգված ոչնչացմանը, ապամոնտաժմանն ու պղծմանը: Խոսքը վանդալիզմի առանձին դրվագների մասին չէ, այլ ընդհանուր պատմական հիշողության նյութական վկայությունների վերացմանն ուղղված ադրբեջանական հետևողական քաղաքականության։
«Օկուպացված Արցախում շարունակվում է նացիզմի դեմ մարտնչած մարտիկների պատվին կանգնեցված Մեծ Հաղթանակի խորհրդանիշների ոչնչացումը։ Նման գործողությունները ոչ միայն ոտնձգություն են պատմության հուշարձանների նկատմամբ, այլև Խորհրդային Միության ժողովուրդների համատեղ սխրանքի հիշողությունը ջնջելու, պատմական գիտակցության մեջ պառակտում մտցնելու և Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների ռևիզիոնիստական վերանայման համար պայմաններ ստեղծելու փորձ։ Այս կապակցությամբ առաջանում են հարցեր, որոնց ռուսական կողմը մինչ օրս պատասխան չի տվել։ Ինչո՞ւ Արցախի Հանրապետության ժամանակավորապես օկուպացված տարածքում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների ոչնչացումը չուղեկցվեց Ռուսաստանի Դաշնության դեսպանատան կամ ՌԴ ԱԳՆ նույնքան վճռական հայտարարություններով։ Ինչո՞ւ չհաջորդեց խորհրդային մարտիկների հուշահամալիրների ապամոնտաժման և պղծման պաշտոնական հրապարակային դատապարտում, չհնչեցին մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հուշարձանների հետագա ոչնչացումը կանխելու պահանջներ։ Ինչո՞ւ է վանդալիզմի եզակի դեպքն առաջացնում անհապաղ արձագանք, այն դեպքում, երբ Մեծ Հաղթանակի տասնյակ հուշահամալիրների բազմամյա համակարգված ոչնչացումը փաստացի մնում է առանց սկզբունքային պաշտոնական գնահատականի»,- այնուհետև ասված է Ավանեսովի նամակում։
Նա հավելել է, որ հուշարձանների ոչնչացման փաստերը բազմիցս արձանագրվել են հասարակական կազմակերպությունների, անկախ փորձագետների, զանգվածային լրատվամիջոցների կողմից և հաստատվել արբանյակային մոնիթորինգի նյութերով։ Ավանեսովը նշել է, որ չնայած դրան, ռուսական կողմը նախընտրել է լռություն պահպանել, ինչն ընկալվում է որպես քաղաքական ընտրողականության դրսևորում։
Նա հավելել է, որ հնարավոր չէ համոզիչ կերպով հանդես գալ ի պաշտպանություն Հաղթանակի հիշատակի՝ միաժամանակ անտեսելով Արցախի ժամանակավորապես օկուպացված տարածքում խորհրդային մարտիկների հուշարձանների ոչնչացումը։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը որդեգրել հետևողական ու սկզբունքային դիրքորոշում, հրապարակային գնահատական տալ Արցախի Հանրապետության ժամանակավորապես օկուպացված տարածքում Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրների ոչնչացման և պղծման բոլոր փաստերին, վճռականորեն դատապարտել ընդհանուր Հաղթանակի հուշարձանների ոչնչացման ցանկացած փորձ՝ անկախ նրանից, թե ում կողմից և որտեղ են դրանք կատարվում, ինչպես նաև նպաստել մեղավորներին միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պատասխանատվության ենթարկելուն»,- ասված է Ավանեսովի դիմումի շարունակության մեջ։
Նա նաև թվել է օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից ոչնչացված Հայրենական մեծ պատերազմի հուշարձանները։ Մասնավորապես՝ օկուպացված Շուշիում ՀՄՊ հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրի և այլ հուշարձանների ապամոնտաժումը, այդ թվում՝ Սոցիալիստական աշխատանքի հերոս, Խորհրդային Միության ականավոր պետական գործիչ, ծնունդով շուշեցի Իվան Թևոսյանի հուշարձանը, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրին։ Բացի այդ, Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրը. Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել են ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին և «ՄիԳ-17» կործանիչ ինքնաթիռի հուշարձանը. Հադրութի շրջանի Ազոխ գյուղում ադրբեջանական կողմը ոչնչացրել է երեք առանձին հուշարձաններ՝ նվիրված ՀՄՊ զոհերի, Հայոց ցեղասպանության և Արցախյան առաջին պատերազմի հիշատակին. օկուպացված Բերձորի կենտրոնում Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված քաղաքի բնակիչների հիշատակին նվիրված հուշահամալիրի ամբողջական ոչնչացումը։ Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից ոչնչացվել է Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Իվան Իսակովի կիսանդրին. Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում, Մարտակերտի շրջանի Վանք և Հաթերք գյուղերում, Ասկերանի շրջանում, Ասկերանի շրջանի Ավետարանոց և Խնածախ գյուղերում, Մարտունի քաղաքում ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձաններն ու հուշահամալիրները։ Ստեփանակերտում ոչնչացվել է նաև նրա անունը կրող պողոտայում տեղադրված Խորհրդային Միության մարշալ Հովհաննես (Իվան) Բաղրամյանի հուշարձանը։