
Արմինֆո. Ինչպես և ենթադրվում էր, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Հայաստան այցելած առաջին պաշտոնյան ադրբեջանցի է, տվյալ դեպքում ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով, մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը Հայաստան է ժամանում Ալիևի օգնականը և Դիլիջանում հանդիպում Արցախում ծնված և մեծացած Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, որից հետո պաշտոնական հաղորդագրություն է տարածվում, որ կողմերը քննարկել են խաղաղության պայմանագիրը:
"Հիշեցնում եմ․ ընտրությունների պաշտոնական արդյունքներն այդ պահին դեռ չէին հրապարակվել", - հայտարարել է Սաղաթելյանը, համոզմունք հայտնելով, որ այցի արդյունքը կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի հերթական պահանջների կատարումը:
Սաղաթելյանը կարծում է, որ Փաշինյանը փորձում է ժամանակ շահել ընդդիմության ներկայացուցիչներին կալանավորելու համար, որպեսզի նրանք չկարողանան խանգարել իրեն։ "Նրա ողջ նպատակն այն է, որ ձերբակալությունների և անօրինական գործողությունների միջոցով երկրում ստեղի նոր արհեստական օրակարգ և հասարակության ուշադրությունը շեղի իրապես կարևոր հարցերից։ Բայց դու, Նիկոլ Փաշինյան, ոչ լեգիտիմություն ունես, ոչ էլ մանդատ՝ Ալիևին տված խոստումները կատարելու համար։ Հիշիր դա", - հայտարարել է դաշնակցականը։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԽ հաղորդագրության, հունիսի 14-ին Դիլիջանում կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ «Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում: Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։ Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում», - ասվում է ՀՀ ԱԽ հաղորդագրությունում: