
Արմինֆո. Հյուսիսային Եվրոպայի երկրների փորձը վկայում է, որ կայուն և մրցունակ պետությունը զարգանում է ոչ միայն տնտեսական առաջընթացի, այլև մարդկային արժանապատվության հարգանքի և հանրային վստահության բարձր մակարդակի շնորհիվ: Այդ մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՝ ելույթ ունենալով Հյուսիսային Եվրոպայի երկրների ազգային տոներին նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է Nordic Days փառատոնի շրջանակներում:
Նա ընդգծել է, որ հենց այս սկզբունքներն են ապահովել տվյալ տարածաշրջանի կայուն զարգացումն ու բարեկեցությունը և օրինակ դարձել միջազգային հանրության համար:
Գրիգորյանը նշել է, որ նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում կրկին ընդգծել այն գաղափարների եւ սկզբունքների նշանակությունը, որոնց վրա հիմնված են Հյուսիսային Եվրոպայի պետությունները, այն է ՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, սոցիալական համերաշխությունը, ինչպես նաեւ կրթության եւ նորարարության նկատմամբ հատուկ ուշադրությունը:
<Մենք բարձր ենք գնահատում Հյուսիսային Եվրոպայի երկրների ներդրումը գլոբալ խաղաղության, կայուն զարգացման և միջազգային համագործակցության ամրապնդման գործում: Այդ փորձն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում ժամանակակից մարտահրավերների պայմաններում, երբ պետությունների միջև սերտ փոխգործակցությունն անհրաժեշտ է առավել, քան երբևէ", - ասել է կառավարության ղեկավարի տեղակալը։
Նա գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի եւ Հյուսիսային Եվրոպայի երկրների միջեւ ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա: «Համոզված ենք, որ այդ կապերը շարունակելու են զարգանալ, նպաստելով տնտեսական, մշակութային, կրթական և գիտական համագործակցության ընդլայնմանը», - ասել է Գրիգորյանը:
Նրա խոսքով ՝ Հայաստանի կառավարությունը նաև բարձր է գնահատում Հյուսիսային Եվրոպայի երկրների հետևողական աջակցությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության խորացման, ինչպես նաև երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման գործում: