


Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին․ նրան մեղադրանք է առաջադրվել "սոցիալական ցանցերի միջոցով իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու համար": Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տ.Վ.-ն և Ա.Ղ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել:
Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով: Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է», - ասվում է հաղորդագրությունում:



