
Արմինֆո. Ռուսաստանի հայերի մասնակցության հարցը Հայաստանի ընտրական գործընթացներին գտնվում է երկրի իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հունիսի 12-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան ռուսաստանաբնակ հայ է մասնակցել համապետական քվեարկությանը։
Նախարարը նշել է, որ այդ հարցով զբաղվում են ինչպես Ազգային անվտանգության ծառայությունը, այնպես էլ Արտաքին հետախուզության ծառայությունը։ Սարգսյանը ձեռնպահ է մնացել նման քաղաքացիների հստակ թիվը նշելուց, սակայն նկատել է, որ ողջ գործընթացը գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նա հավելել է, որ նման դեպքեր իսկապես եղել են, և կան նույնիսկ ձերբակալվածներ։ Բոլոր նման երևույթների առնչությամբ քննություն է տարվում։ Եթե պարզվում էր, որ տեղի է ունեցել ազդեցություն ընտրողների իրավունքների վրա կամ դրանց խոչընդոտում, ապա այդ անձինք անմիջապես ձերբակալվում էին, ինչից հետո նրանք հանձնվում էին նախաքննության մարմիններին։
Նախարարը դժվարացել է նշել ձերբակալվածների հստակ թիվը՝ նշելով միայն, որ գործընթացները շարունակվում են։ «Մեր կյանքը չի ավարտվում ընտրությունների օրով, և մենք շարունակում ենք օպերատիվ-հետախուզական միջոցառումները, քննչական մարմնները շարունակում են նախաքննությունը, և վստահեցնում եմ ձեզ, որ կլինեն ձերբակալություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև շատ խիստ խափանման միջոցներ»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ գործող ընտրական օրենսդրությունը քաղաքական ուժերին տրամադրում է բավարար մեխանիզմներ քվեարկության ընթացքը վերահսկելու համար։ Մասնավորապես՝ ընտրատեղամասերում ներկա են թեկնածուների և կուսակցությունների վստահված անձինք, իսկ ձայների հաշվարկն իրականացվում է տեսահսկման և ուղիղ հեռարձակման ռեժիմով։
Խոսելով ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին՝ Սարգսյանը նկատել է, որ նման դեպքեր քիչ չեն եղել։ «Սակայն ես չեմ տեսել ոչ մի դեպք, որը հիմնավորված լիներ կոնկրետ փաստերով։ Երբ մենք առաջարկում էինք դրանց հեղինակներին հանցագործության մասին պաշտոնական հաղորդում ներկայացնել, նրանք հրաժարվում էին»,- նշել է ՆԳՆ ղեկավարը։